
Աբդուլ Համիդը, անդրադառնալով Բնիկ ժողովուրդների, հատկապես հայերի նկատմամբ Օսմանյան պետության քաղաքականությանը, նշել է, որ հայ ժողովուրդը միշտ աչքի է ընկել օսմանյան քաղաքակրթությանը մատուցած ծառայություններով և հավատարմությամբ: Սակայն Ռուսաստանը, հայերի շրջանում հրահրելով խռովություններ և ապստամբություններ, նպատակ էր հետապնդում խնդիրներ առաջացնել Թուրքիայի համար, քանի որ նա ևս չէր ցանկանում, որ հայ ժողովուրդը ձեռք բերի անկախություն և ունենա անկախ պետականություն: Անդրադառնալով կոտորածներին՝ Աբդուլ Համիդը փորձում է խուսափել քրիստոնյաների, հատկապես հայերի կոտորածների պատասխանատվությունից և դրա գլխավոր մեղավոր է համարում ռուսական կառավարությանը: Նա խոստովանում է, որ հայ-թուրքական պայքարին վերջ տալու նպատակով Զեքի փաշայի գլխավորությամբ զորք է ուղարկել և ճնշել Սասունում տեղի ունեցած ապստամբությունները՝ պատճառաբանելով, որ հայերի նպատակը թուրք ազգաբնակչության շրջանում խռովություններ հրահրելն էր, ինչը կարող էր հանգեցնել խնդրին եվրոպական տերությունների միջամտությանը: Մեղադրելով հայերին՝ նա իր հուշերում չի շրջանցել նաև իր դեմ կատարված մահափորձը՝ նշելով, որ ոչ մի ազնիվ հայ գիտակցաբար սուլթանի սպանությունը չէր ծրագրի: Աբդուլ Համիդի հուշերը հայկական ապստամբությունները ճնշելու առնչությամբ հիմնավորում են 1894-1896 թթ. կոտորածը, որի ընթացքում սպանվեց ավելի քան 300 000 հայ: Աբդուլ Համիդը մի առանձին բաժին հատկացրել է հայ-երիտթուրքական համագործակցությանը՝ նշելով, որ երիտթուրքերը, լինելով արևմտականացման կողմնակիցներ, լուրջ հարաբերություններ էին ձևավորել կայսրությունը մասնատել և պետականություն ստեղծել ցանկացող հայերի հետ: Մեղադրելով երիտթուրքերին հայերի հետ համագործակցության, երկրում առկա խնդիրների, ողբերգական իրավիճակի և բանակի պարտության համար՝ Աբդուլ Համիդը փորձում է անտեսել այն իրողությունը, որ թե´ պետության առջև ծառացած խնդիրները և թե´ հայ ժողովրդի նկատմամբ հետագա բոլոր ոճրագործությունները սկիզբ են դրվել հենց իր կառավարման ժամանակաշրջանում: