Հայկեան Սրբազան Տոմարի Ահեկան ամսվա Լուսնակ օր՝ մայիսի 13, Մայր բնության տոն. Հովանավոր՝ Անահիտ Դիցամայր: Արեգ ամսվա Արեգ օրվա (մարտի 21) Ամանոր-Զատիկից 54 օր անց, տոնվում է տարվա առաջին սատար տոնը, որը կոչվում է Ծաղկազարդ: Ծաղկազարդը մայր բնության ծաղկման արեգակնային անշարժ տոնն է: Տոնի արեւածագից առաջ՝ կեսգիշերին արդեն երկնքի գագաթին հայտնվում է Կույսի համաստեղությունը, որը նաև հայտնի է որպես Հասկ համաստեղություն։ Այն նաև Անահիտ Դիցամոր խորհրդանիշն է, և հետևաբար տոնն իգական բնույթ ունի:  Ավանդության համաձայն, տոնի նախորդ օրը, աղջիկներն առավոտյան կժերով գնում են յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղիկ, յոթ ծառի տերև և յոթ առվակի քար հավաքում: Կեսգիշերին կժերը  թողնում էին դաշտում, իսկ հետագայում նաև տան տանիքում՝ բաց երկնքի տակ՝ ի տես լուսնին և աստղերին, որ նրանք իրենց մոգական զորությունները փոխանցեն ջրին:  Առավոտյան այդ ջրից մի կում խմում էին,  ցանում էին տան շեմին և մնացածը վիճակ կուժի մեջ էին լցնում: Բոլորն իրենց պատկանող մի անձնական իր էին գցում այդ կժի մեջ և հետո վիճակ քաշում, կժից հանում էին մեկ իր, և ում իրը դուրս էր գալիս, կարդացած վիճակը նրանն էր լինում: Օրվա ընթացքում տները զարդարվում էին ծաղիկներով, աղջիկները ծաղկե պսակներ էին կրում և ծաղիկներով զարդարված Անահիտ Դիցամոր արձանով շրջում էին փողոցներով: Ծաղկազարդը մեծ շուքով և ազգային երգ ու պարով էր տոնվում նաև Անահիտ Դիցամոր և Աստղիկ Դիցուհու տաճարներում:

Քուրմ Յարութ Առաքելեան