
«Ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք ու հեռանալու մտադրություն, ակնհայտ է, չունեն»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։Նրա խոսքով, որքան էլ խոսեն սահմանազատման, սահմանագծման, միջազգային սկզբունքների մասին, Հայաստան ներխուժած ադրբեջանցիների գործողությունները բոլորովին այլ բանի մասին են վկայում։
«Նրանք ամրացած են Հայաստանի Հանրապետության սահմանից ներս գտնվող տարածքներում։ Ներքին Հանդ գյուղում մի քանի ամիս առաջ մի փոքր շինություն էր, մի քանի ամիս անց արդեն մեծ շինություններ են, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, նույն ճանապարհները, բունկերները մենք արձանագրել ենք նաև Ջերմուկ քաղաքում: Մարդկանց զրկում են ջրից։ Հատուկ զավթում են աղբյուրները՝ թույլ չտալով, որ մարդիկ օգտվեն անգամ խմելու ջրից, մարդիկ չեն կարողանում օգտագործել իրենց հողերը, արոտավայրերը։ Յուրաքանչյուր սմ-ի հետևում կանգնած են մարդիկ, ընտանիք, ճակատագրեր»,-ասաց Թաթոյանը։