
Աբդուլ Համիդի հուշերի ուսումնասիրությամբ հաստատվում է այն փաստը, որ 1923 թ.Օսմանյան կայսրության կործանումից հետո տասնամյակներ շարունակ թուրքական պատմագրության մեջ շրջանառվող Օսմանյան կայսրության պատմության կեղծարարության և Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության ժխտողականության ակունքները սկզբնավորվել են դեռևս օսմանյան պետության գոյության օրոք և ոչ միայն Աբդուլ Համիդ II-ի նախաձեռնությամբ Արևմտյան Եվրոպայում, այլև բուն Արևմտյան Հայաստանում, ինչի վառ ապացույցներից է նախկին սուլթանի կողմից պատմական իրողությունների սուբյեկտիվ և կողմնակալ շարադրումը։ Թուրքական կողմի այն պնդումները, թե իբր օսմանները «հայապահպան» քաղաքականություն են վարել, որ Արեւմտյան Հայաստանի հայերն ազգային-ազատագրական պայքար երբևէ չեն մղել, իսկ բոլոր «հուզումները» հրահրել են արտաքին ուժերը, և որ 1894-1896 թթ. կոտորածները սոսկ երկուստեք կորուստների պատճառ դարձած հայ-թուրքական ընդհարումներ են եղել, առաջինը շրջանառության մեջ դնողներից է հենց Աբդուլ Համիդը։