
Գրքի ստեղծման ճանապարհը սկսվում է գրից։ Հին հայկական դիցաբանության մեջ դպրության, իմաստության և ուսման աստվածը Տիրն էր։ Մեր հեռավոր նախնիները սկսել են գրել պատկերներով։ Պատահական չէ, որ շատ լեզուներում «գիր» և «նկար» հասկացությունները գրեթե միշտ համընկել են՝ «գրել» նշանակել է և՛ գրել, և՛ նկարել։ Ք.ա. IV-III հազարամյակներում Հայաստանում արդեն կիրառվում էին գրչության ամենապարզ տեսակները՝ նշանագիրը, պատկերագիրը և գաղափարագիրը։
Արարատյան թագավորության պաշտոնական գրագրությունների լեզուն հայերենն էր, գիրը՝ սեպագիրը։ Ներկայումս հայտնի են շուրջ 600 տեքստեր։
405 թվականին Մեսրոպ Մաշտոցը՝ Վռամշապուհ թագավորի և Սահակ Պարթև կաթողիկոսի գործուն աջակցությամբ ստեղծեց հայերենի այբուբենը՝ 36 տառերով։ Անմիջապես հաջորդեց դպրոցների լայն ցանցի ստեղծումը, ապա՝ թարգմանական և մշակութային հսկա մի աշխատանք։ V դարից սկսած` Հայաստանի շատ վանքերում ընդօրինակվում էին գրքեր և տարածվում ամբողջ երկրով։ V- XVIII դարերում հայերեն ձեռագիր գրքերը գրվել են նախ մագաղաթի, ապա՝ թղթի վրա։ Միջնադարյան Հայաստանում գոյություն են ունեցել ձեռագիր գրքերի անհատական, եկեղեցական և վանական գրադարաններ։ Ներկայիս հայկական մատենադարանում պահվում է մեզ հասած հայերեն ավելի քան 20․000 ձեռագրերի մատյան։
Հայ առաջին տպագրիչն ու հայկական տպագրության սկզբնավորողը եղել է Հակոբ Մեղապարտը, ով իր տպարանը հիմնել է Վենետիկում։
Բազմաթիվ ձեռագիր արձանագրություններ այժմ պահվում են Երևանում գտնվող Մատենադարանում, որոնք մեծամասամբ բերվել են Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից։ Մշակութային այս առերեսումը, ևս մեկ անգամ ապացուցում է հայի՝ տվյալ տարածաշրջանում բնիկ լինելը։
