Արևմտյան Հայաստանում թուրքական կառավարության  զավթողական քաղաքականության օրինակներից մեկն էլ Փերի հովտում բնության հանդեպ իրագործվող սպանդն է, որը ուղղակիորեն սպառնում է նաև բնակչության առողջությանը։

Բյուրակնի, Դերսիմի և Խարբերդի սահմաններում տեղ զբաղեցնող Փերի հովիտն  ամայացնելու ուղղությամբ հատուկ քաղաքականություն է մշակվում։

Մինչ օրս հովտում կառուցվել է ընդհանուր առմամբ 9 ջրամբար  և ՀԷԿ։ Այս ջրամբարների  ու ՀԷԿ-երի կառուցմանը հետևում է հանքարդյունաբերության գործունեությունից բխող վտանգը: Բացարձակապես հաշվի չեն առնվել տարածաշրջանի պատմական, հնագիտական ​​վայրերը,  սրբատեղիները, բուսական և էկոհամակարգային կառուցվածքը: Միտումնավոր  իրականացվում է մշակութային և էկոլոգիական ցեղասպանություն: Դերսիմում ալևիների համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ սրբատեղիներ ջրի տակ են անցել:

Ոչնչացվել են միլիոնավոր տարիների ընթացքում ձևավորված բնական տարածքները, այդ թվում՝ Փերի հովտում բնակվող ջրային թռչունների բնակավայրերը։ Հազարավոր ձկներ են սատկել, իսկ անհետացման վտանգի տակ գտնվող որոշ տեսակներ էլ գտնվում են իսպառ ոչնչանալու վտանգի տակ: Տեղաբնակների համար սուրբ համարվող տասնյակ լեռնային այծեր խեղդվել են այս ջրամբարներում:

Բնության պահպանությամբ և մարդկանց առողջությամբ մտահոգ քաղաքացիներն ու հասարակական գործիչները բազմիցս ահազանգել և իրենց բողոքի ձայնն են բարձրացրել խնդրի վերաբերյալ, սակայն անօգուտ: