ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի (USCIRF) 2022 թվականի դավանանքի ազատության մասին զեկույցը։ Մասնավորապես, զեկույցում Ադրբեջանը ներառված է հատուկ վերահսկողության տակ գտնվող երկրների ցանկում։

Զեկույցում նշվում է նաեւ Բաքվի իշխանությունների կողմից Արցախում՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում, հայկական հոգեւոր ժառանգության ոչնչացման մասին։ «Միջազգային մարմինները եւ այլ  կազմակերպությունները շարունակում են կասկածի տակ դնել Ադրբեջանի կառավարության պատրաստակամությունը՝ պաշտպանելու եւ պահպանելու կրոնական եւ մշակութային ժառանգությունը Արցախում եւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հարակից տարածքներում։ Փետրվարին այն ժամանակվա մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարեց եկեղեցիներից «կեղծ» հայ առաքելական արձանագրությունները հեռացնելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Ըստ երեւույթին, միջազգային վրդովմունքից հետո, կառավարությունը հրաժարվեց այդ ծրագրից եւ մարտին Եվրախորհրդարանը դատապարտեց Ադրբեջանի՝ Արցախում եւ նրա շրջակայքում  հայկական մշակութային ժառանգության ոչնչացման եւ ժխտման շարունակական քաղաքականությունը»։

USCIRF-ն առաջարկում է ԱՄՆ կառավարությանը ֆինանսավորում տրամադրել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը եւ Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ վերականգնելու, պահպանելու եւ պաշտպանելու Արցախում եւ հարակից տարածքներում պաշտամունքի վայրերը եւ այլ կրոնական կամ մշակութային վայրերը: