
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բրյուսելում մայիսի 14-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով՝ Շառլ Միշելի արտահայտությունների կապակցությամբ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով հանդես է եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ։ Ինչպես հայտարարության ընդհանուր բովանդակությունը, այնպես էլ դրա առանձին դրույթներ վկայում են այն մասին, որ Եվրամիության ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը։ Այդ է վկայում, մասնավորապես այն, որ տվյալ հայտարարությունում բացակայում է որևէ հիշատակում Բերձորի միջանցքի արդեն ավելի քան 5 ամիս շարունակվող արգելափակման, ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման և Արցախի 120 հազար բնակչության փաստացի պաշարման մասին՝ դրանից բխող բոլոր հումանիտար հետևանքներով։ Այս փաստը ցույց է տալիս, որ Եվրոպական խորհրդի նախագահը ոչ միայն չի խոչընդոտում, այլև փաստացի խրախուսում է Ադրբեջանին Արցախի ժողովրդի տառապանքներն օգտագործել որպես քաղաքական գործիք։
Հիշեցնում ենք, որ 1991 թ․ Արցախի ժողովուրդը, միջազգային իրավունքի նորմերին և այն ժամանակ գործող ներպետական օրենսդրությանը լիովին համապատասխան, իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և ստեղծել իր պետականությունը նույն հիմքերի վրա, ինչ Ադրբեջանը և Խորհրդային Հայաստանը: Առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների որևէ ներկայացուցիչ իրավունք չունի տնօրինել Արցախի ժողովրդի ճակատագիրը։
Այս կապակցությամբ կրկին վերահաստատում ենք Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների վճռականությունը՝ շարունակել պայքարն իրենց անքակտելի իրավունքների համար՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան»։
Արևմտյան Հայաստանի կառավարությունը դատապարտում է Արցախի ժողովրդի հանդեպ Բաքվի իշխանությունների կողմից փաստացի իրականացվող ցեղասպան քաղաքականությունն ու պահանջում միջազգային ատյաններից գործուն մասկակցություն ցուցաբերել բախումներն ու արյունահեղությունը կանխելու համար: Արցախի ժողովուրդը բնիկ է, ինքնորոշված միջազգային բոլոր նորմերին համապատասխան և իրավունք ունի ազատ և անվտանգ ապրելու սեփական երկրում:
Հայտարարությունն ամբողջությամբ կարդացեք հետևյալ հղումով՝