Western Armenia tv-ին ներկայացնում է Թալեաթ փաշայի զեկույցը Հայերի դեմ իրականացրած Ցեղասպանության վերաբերյալ։ 

Զեկույցը հայտնաբերվել է 1982 թվականին Թալեաթ փաշայի անձնական արխիվում` թուրք լրագրող եւ պատմաբան Մուրադ Բարդաքչիի կողմից:  Նա մասնակիորեն հրապարակեց այն 2005 թվականին, իսկ 2008-ին հաջորդեց ամբողջական զեկույցը (բնօրինակի պատճենով): 

2005-ին զեկույցի հրապարակումից հետո գլխավոր բանավեճերը «տարվում» էին թուրք պատմաբանների կողմից, որոնք ամեն կերպ մեղմացնում էին զեկույցի կարեւորությունը: Նրանք մատնանշում էին այն փաստը, որ զեկույցը չունի վերնագիր, ամսաթիվ եւ կարող էր գրված լինել ցանկացած մեկի կողմից: Նրանք չէին մեկնաբանում այն հանգամանքը, որ այն Թալեաթի անձնական փաստաթղթերում է հայտնաբերվել, չէին քննարկում այն ավելի լայն համատեքստում եւ չէին առաջարկում իրենց իսկ կողմից բարձրացված հարցերի պատասխանները:

Թուրք պատմաբանները և քաղաքական գործիչները իրենց հարցերն էին բարձրացնում՝ չհիշատակելով այն հանգամանքը, թե որքան խորն էր Թալեաթ փաշան ներգրավված Արևմտյան Հայաստանի հայերի տեղահանման գործընթացի մեջ եւ թե ինչպիսի արձանագրություններ է հավաքել ընթացքում: Օրինակ, 1917-ի փետրվարին նա մի քանի շրջաբերական է ուղարկել մի շարք նահանգներ՝ հայերի մասին հատուկ տեղեկատվության տրամադրման պահանջով: Թալեաթի զեկույցում առկա տեղեկատվությունը նույն առանձնահատուկ բնույթն ունի, ինչպես տվյալ շրջաբերականի միջոցով իր կողմից հայցվող  տեղեկատվությունը: Զեկույցի մեջ ներառված է տարբեր նահանգներում «բնիկ» եւ «արտաքին» հայերի, ինչպես նաեւ «արտաքին» հայերի ծագման մասին տեղեկատվությունը:

Թուրք պաշտոնական պատմաբաններն, անշուշտ, գիտեն, որ շրջաբերականի  պատասխանները դեռեւս գտնվում են թուրքական արխիվներում, եւ դրանք պարզ ասում են, որ 1917թ. փետրվարին ուղարկված շրջաբերականը առանցքային է եղել Թալեաթի զեկույցի համար: Որոշ տեղեկություններ համապատասխանում էին Թալեաթի զեկույցում տեղ գտած տվյալներին, սակայն դրանց մի մասն էլ թարմացվել է եւ մի փոքր տարբեր էին: 

Թալեաթի զեկույցի նախաբանում ամփոփ վերլուծություն է ներկայացված, որտեղ տեղեկությունների լրացուցիչ բաժիններ կան: Կա մի սյունակ, որտեղ ներկայացված է 1914 թ-ին հայ բնակչությունը տարբեր նահանգներում` Արևմտյան Հայաստանի  վիճակագրության համաձայն: Կա նաեւ մեկ այլ սյունակ՝ կազմված 1917 թվականի հետազոտության արդյունքներով: Այն ցույց է տալիս յուրաքանչյուր նահանգում հայերի ընդհանուր թիվը, որոնք հաշվառված էին այլ նահանգներում: Այս վերջին սյունակը, ամենայն հավանականությամբ, ստեղծվել եւ ներառվել է ամփոփ վերլուծության մեջ հատուկ ցուցումով (հետաքրքրական է, որ չկա մի սյունակ, որտեղ գրված է հայերի ընդհանուր թիվը տարբեր նահանգներում): Ամփոփ վերլուծության մեջ ներառված տեղեկատվության շնորհիվ Թալեաթը կարող էր, օրինակ, տեղեկանալ Իզմիթում 1914-ին բնակվող հայերի քանակի մասին եւ տեսնել, թե Իզմիթի որքան հայեր են մնացել իրենց հայրենի նահանգում կամ որեւէ այլ տեղ Օսմանյան կայսրությունում 1917 թվականին: Այս թվերը թույլ են տվել Թալեաթին հետեւել, թե քանի իզմիթահայեր են բռնագաղթել իրենց հայրենի նահանգից եւ քանիսն են ողջ մնացել (կամ չեն մնացել) 1917 թվականին: