
Մարտիրոս Ժամկոչյանը լինելով ցեղասպանությունը վերապրածների ժառանգ, մանկուց դաստիրակվել էր որպես ՀԱՅ։ Արդեն 12 տարեկանում Արևմտյան Հայաստանի ազատագրության համար պայքարող ազատամարտիկ էր.
1981 թ. Հունիս 9-ին Ժնեւում սպանեց հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման եւ հայ դատի դեմ աշխատանք տանող թուրքական գաղտնի ոստիկանության սպային: 1990-ից Արցախյան Ազատամարտի մասնակից է:
Իր հարցազրույցներից մեկում Ժամկոչյանը պատմել է, որ իր ծնդյան յոթերորդ տարում , թույլ տվեցին մեկ անգամ բանտից դուրս գալ։
«Խնդրեցի, որ ինձ տանեն Ժնևի հայկական եկեղեցի` պատարագի: Ձեռքերիս ձեռնաշղթաներ, հսկայական շքախմբով (ինչպես նախագահին) ինձ տարան եկեղեցի, ուր դռան առաջ ինձ արդեն սպասում էին հայ առաքելական և բողոքական եկեղեցիների առաջնորդները: Մեքենայից չէի իջնում, պահանջեցի ոստիկաններից, որ հանեն ձեռնաշղթաներս, ասացի` իմ եկեղեցում ես պետք է ազատ լինեմ: Եկեղեցականներն էլ վրդովվեցին, Վերապատվելի Գառնուզյանն էլ ասաց` «Սա մեր տարածքն է, ես եմ պատասխանատու, արձակեք ձեռքերը»: Ինձ հետ էին այն երկու սպաները, որոնք տարիներ առաջ ներկա էին իմ ձերբակալությանը, եւ նրանք ասացին` «Մի՛ կարծիր, թե կփախչես, ողջ եկեղեցին շրջապատված է», ու ինձ հետ մտան ներս: Ինձ տեսնելուն պես, ողջ եկեղեցին ոտքի կանգնեց, իսկ պատարագից հետո բոլոր ներկաները հերթով ինձ էին մոտենում. մեկը ձեռքս էր սեղմում, մեկը համբուրում էր, մյուսը` գրկախառնվում, ասելով` «Ապրի՛ս, որդի՛ս»: Ոստիկանները ապշել էին. «Քեզ ձերբակալելու ժամանակ, երբ այստեղ եկանք քո նկարով, նրանք ասացին, որ քեզ չեն ճանաչում, իսկ հիմա… Ձեր` հայերիդ հանելուկից գլուխ չենք հանում, թեև հիմա հասկացանք, թե ինչքան միասնական եք»: Ես պատասխանեցի. «Նրանք իսկապես այն ժամանակ ինձ չէին ճանաչում, բայց հիմա յուրովի շնորհակալություն են հայտնում ազատագրական պայքարի մարտիկին»: Պատարագից հետո Հայ տիկնանց միությունը հայկական ուտեստների ճաշկերույթ էր կազմակերպել, որին մասնակցեցին նաև ինձ ուղեկցող սպաները»:


