
Արմենպրեսի փոխանցմամբ՝ Հակոբ Սրապյանը գրում է․ «Այսօր գերության մեջ հայտնված հայոց հնօրյա բերդաքաղաք Շուշին, որը ժամանակին «Անդրկովկասի կոնսերվատորիա» պատվանվանն է արժանացել, ապրել է մշակութային կյանքով, մեր ժողովրդին պարգեւել մեծանուն զավակներ՝ գրողներ, համբավավոր զինվորականներ, պատմաբաններ, երաժիշտներ: Վերջինների շարքում է անվանի կոմպոզիտոր, հասարակական գործիչ, խմբավար, երգիչ եւ մանկավարժ, արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Ղազարյանը: Նրա երգերից շատերն այսօր էլ են հմայում երգարվեստի սիրահարներին:
Կոմպոզիտորի շնորհակալ աշխատանքներից մեկն էլ կույրերի քառաձայն երգեցիկ խմբի եւ նվագախմբի կազմակերպումն էր: Երգչախմբային ինքնագործ արվեստի զարգացման գործում նրա նվիրական աշխատանքի արդյունք էր Երեւանի Ուսուցիչների տան քառաձայն կապելլայի ստեղծումը, որը 1945-ին մեծ հաջողությամբ հանդես է եկել Մոսկվայում՝ Ինքնագործ երգչախմբերի համամիութենական օլիմպիադայում:
Դանիել Ղազարյանի վաստակը բարձր են գնահատել անվանի կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը, երաժշտական աշխարհի այլ նվիրյալներ»:
