
1984թ․ մարտի 27-ին և 28-ին, այնուհետև ապրիլի 28-ին, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը -Թեհրանում թուրք դիվանագետների դեմ ռազմական գործողությունների շարք իրականացրեց: Իրան-Իրաք 8-ամյա պատերազմի հետևանքով ամենամեծ շահողներից մեկը՝ թուրքական կառավարությունը նորանոր պայմանագրեր կնքելու նպատակով իրար հաջորդող տնտեսական ու քաղաքական պատվիրակություններ էր ուղարկում Իրան: Թուրքական կառավարության այդ ժամանակաշրջանի վարչապետ Թուրգութ Էոզալը Հայերի ցեղասպանության տարելիցից մի քանի օր անց՝ ապրիլի 28-ին, 400 հոգանոց պատվիրակության հետ, պիտք է այցելեր Թեհրան: ՀԱՀԳԲ-ը հայտարարել էր, որ չի լռելու և «պատմական պատասխան է տալու այդ քայլին»: Հետագա դեպքերը ապացուցեցին ՀԱՀԳԲ-ի սպառնալիքի լրջությունը. Էոզալի ժամանման պահին Թեհրանի ամենակենտրոնական պողոտայում իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վարելիս գնդակահարվեց Թուրքական գաղտնի ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյա Ըշըկ Յոնդերը, ով իր կնոջ՝ դեսպանատան քարտուղարուհի Շադիյե Յոնդերի հետ միասին դեսպանատուն էր մեկնում:
1984թ․ մարտին Թեհրանում իրականացված գործողությունների ընթացքում զոհվեց հերոս Սուրեն Գրիգորյանը:

Ամերիկյան «Նյու Յորք թայմս» թերթը 1984թ․ մարտի 29-ի համարում գրում էր․ «Թեհրանում Թուրքիայի դեսպանատունն այսօր հայտարարել է, որ հայ զինյալները մի շարք հարձակումների ընթացքում թիրախավորել են երկու թուրք դիվանագետի»:
«Դեսպան Իսմեթ Քերսելը հեռախոսազրույցի ընթացքում ասաց, որ հայերի հարձակումներն սկսվել են երեքշաբթի օրը` թուրք դիվանագետի ավտոմեքենայում ռումբ տեղադրելով: Ռումբը պայթել է ժամանակից շուտ՝ սպանելով հարձակվողին:
Դեսպանը հայտնել է, որ մի այլ հարձակման ընթացքում գլխից ծանր վիրավորվել է ռազմական կցորդի օգնական Իսմայիլ Փամուկչուն երբ իր տան դիմաց ստուգում էր իր ավտոմեքենան. երկու զինված անձեր կրակոցներ են արձակել նրա ուղղությամբ: Նույն պահին, դեսպանատան առաջին քարտուղար Հասան Սերվեթ Էոքթեմը երկու այլ զինված անձերի թիրախ է դարձել երբ իր բնակարանից աշխատանքի էր մեկնում:
Դեսպան Բիրսելը հավելեց, որ Իրանի ոստիկանությունը մեկ այլ թուրք դիվանագետի տան դիմաց ձերբակալել է երկու զինված հայերի, նույն օրը երեկոյան՝ ևս հինգ հոգու՝ դեսպանատան շրջակայքում»: