
Պոնտոսի հույների ցեղասպանությունը բնիկ ժողովուրդների և քրիստոնյաների դեմ իրագործված ցեղասպանությունների վերջին օղակն էր, որը սկսվել է 1894 թվականին՝ Աբդուլհամիդի II կողմից հայերի դեմ իրագործված ջարդերով և հետագա տարիների ընթացքում շարունակվել Միություն և առաջադիմություն կոմիտեի կողմից՝ պատճառ դառնալով 1,5 միլիոն հայի և մոտ 300 հազար ասորու բնաջնջմանը։
Փոքր Ասիայում և Պոնտոսում հույների ցեղասպանությունը նախապես ծրագրված էր երիտթուրքական իշխանությունների կողմից և իրականացվել է Հայերի ցեղասպանությանը զուգահեռ։ 1916-1923 թվականներին տեղի ունեցած Պոնտոսի հույների ցեղասպանության ժամանակ ավելի քան 353 000 բնիկ պոնտացի հույներ կոտորվեցին, տասնյակ հազարավոր երեխաներ և կանայք իսլամացվեցին:
Թուրքական պետությունում ոչ միայն չեն հիշատակվում այդ ցեղասպանությունները, այլև ատելության խոսքն ու հակաքրիստոնյա քաղաքականությունը շարունակում են խորանալ և առավել հաճախ օգտագործվում են քաղաքական առաջնորդների կողմից:
