
Երբ, խոսում ենք «Մշակութային ցեղասպանություն» եզրույթի մասին չենք կարող չանրադառնալ 44-օրյա պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ից ի վեր Արցախի գրավյալ շրջաններում Բաքվի իշխանության կողմից հայկական մշակույթի ոչնչացման և աղճատման բազմաթիվ դեպքերի մասին, որոնք վկայում են հայկական հոգևոր ժառանգության հետքի վերացման Բաքվի իշխանությունների պետական քաղաքականության մասին։
Բացի այդ, կատարվում է հայկական մշակույթի «աղվանականացում», այսինքն՝ եկեղեցիների և այլ հուշարձանների հայկական պատկանելիությունը մերժվում է և վերագրվում է աղվանականին:
Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխություններն արձանագրելու համար 2021 թվականին ստեղծվել է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագիրը:
Ըստ հարթակի՝ պատերազմից հետո Բաքվի իշխանության — վերահսկողության տակ անցած — օկուպացված տարածքներում ոչնչացվել է հայկական շուրջ 90 մշակութային հուշարձան:
2021 թ. մարտի 29-ին տեղադրվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ հայկական եկեղեցիները օգտագործվում են ռազմական նպատակով. ադրբեջանցի զինվորներն ապրում են հենց եկեղեցիների ներսում: Նկարահանման պահին զինվորները սնվում էին, կադրերում երևում է անկողին և այլ նմանատիպ պարագաներ:
Արցախի մշակութային կենտրոն Շուշիում հենց ռազմական գործողությունների ընթացքում մեծ վնասներ էր կրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինուժը երկու անգամ հրթիռակոծել էր եկեղեցին: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը սա համարել էր հնարավոր պատերազմական հանցագործություն:
Շուշիի գրավումից հետո այն պղծվել է: Ադրբեջանցի զինվորականները գրառումներ էին կատարել եկեղեցու պատերի վրա: Պատերազմից ամիսներ անց հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները «վերականգնում են» եկեղեցին, իսկ եկեղեցու գմբեթը հեռացվել է:Այս ամենն Արևմտյան Հայաստանի կառավարությանն անհերքելի ապացույցներ է տալիս պնդելու, որ հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացվում է համակարգային վանդալիզմ և միջազգայնորեն պահանջելու այս հանցագործությունների դատապարտումն ու կանխարգելումը՝ ի պաշտպանություն Արցախում բնիկ ժողովրդի մշակութային ժառանգության։