Նկարում 13-ամյա հայ կամավոր Նշան Սահակյանն է, որն իր քաջության համար (Սարիղամիշ, 1914) պարգևատրվել է «Գեորգիևյան խաչ» շքանշանով: «Սրբագրել մեր պատմությունը մենք այլևս չենք կարող, բայց գոնե դասեր առնել այն ամենից, ինչ եղավ՝ ուղղակի պարտավոր ենք»,- ասել է մի առիթով Ռուբեն Տեր-Մինասյանը (1-ին հանրապետության ռազմական նախարարը 1920թ.), որի հետ իրոք հնարավոր չէ չհամաձայնել:

1914թ. դեկտեմբերի վերջին թուրքական զորաբանակը Էնվերի գլխավորությամբ անսպասելի կերպով անցնում է հարձակման, գրավում Օլթին ու Բարդուսը և շարունակելով առաջխաղացումը` շրջանցում է Սարիղամիշն ու դուրս գալիս Սարիղամիշ-Կարս երկաթծի վրա՝ կտրելով ճանապարհը: Ռուսական հրամանատարությունը, պատրաստ չլինելով գործողությունների նման զարգացմանը, սկզբում չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, որից օգտվում են թուրքերը և դեկտեմբերի 26-ին մտնում են Սարիղամիշի արվարձանները: Կատաղի մարտեր են տեղի ունենում արդեն քաղաքի մեջ: Սարիղամիշի համար այդ ծանր օրերին քաղաքի ինքնապաշտպանությունը ստանձնում է գնդապետ Բուկրետովը: Նա կարողանում է միավորել քաղաքում մնացած ցաքուցրիվ ռուսական զորախմբերն ու հայ կամավորներին՝ և կազմակերպել քաղաքամիջի ու կայարանի պաշտպանությունը: Միակ ռադիոհաղորդիչը վնասվում է թուրքական արկի պայթյունից: Շրջափակման մեջ հայտնված Սարիղամիշի պաշտպանների և ռուսական առաջապահ զորքերի միջև կապը կարողանում են ապահովել հայ կամավորները: Նրանցից էր նաև Նշան Սահակյանը, ով կարողացել է ահավանական կերպով բազմաթիվ անգամ անցնել ճակատը և նորից ետ վերադառնալ՝ կատարելով կենդանի կապավորի դեր:

Սարիղամիշում թեժ մարտերը ընթանում են հինգ օր, որից հետո ռուսական առաջապահ զորքերը կարողանում են վերջապես վերադասավորվել, անցնել հակահարձակման, բացել Սարիղամիշի շրջափակումը և արդեն օղակի մեջ առնել Էնվերի զորաբանակը: Թուրքերը ջախջախիչ պարտություն են կրում` Սարիղամիշի մոտ 20 աստիճան ցրտի ու ձնաբքի պայմաններում ընկնելով շրջափակման մեջ և տալով տասնյակ հազարավոր զոհեր: Ռուսական զորքի հաղթանակը Սարիղամիշում լիակատար էր: Ճակատամարտի բազմաթիվ մասնակիցներ պարգևատրվում են, որոնց թվում էր նաև հայ պատանի հերոս Նշան Սահակյանը:

 

Link →