
Հայկական Ժողովրդային Շարժման անդամ, ԱՍԱԼԱ-ի եւ Արցախի Ազատամարտիկ-հրամանատար: Մոնթե Մելքոնյանի մոտիկ ընկերը: Մարտնչել է Լեոնիդ Ազգալդյանի հետ Ազատագրական Բանակում (որի կայացման մեջ կարեւոր դեր է ունեցել) եւ իթիվս այլ մարտերի մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը:
Հովսեփ Հովսեփյանը ՝ Արցախ առաջին այցելության մասին գրում է.
«Ես առաջին անգամ Արցախ 1990 թվականին Լեոնիդ Ազգալդյանի հետ եմ գնացել։ Մեր նպատակը ազգային-ազատագրական բանակ ստեղծելն էր, այդ այցելությունը կամավորներ հավաքագրելու խնդիր ուներ։ Անշուշտ, մարտական փոքր խմբավորումներ արդեն կային, կազմավորվել էին, բայց հավատը վարչակարգի, գորբաչովյան վերակառուցման նկատմամբ դեռևս զորավոր էր։ Հենց այդ պատճառով էլ շատերն անվստահությամբ էին մեզ լսում, սեփական ուժերին, հաղթանակին չէին հավատում։ Չնայած այս ամենին՝ անտառում, ձմեռային դաժան պայմաններում Լեոնիդն ու ես հիմնեցինք ռազմական ճամբար, մասնակցեցինք Մարտունու, Հադրութի, Մարտակերտի՝ Արցախի քսանյոթ բնակավայրերի ազատագրությանը։ Հենց որևէ ճակատում իրադրությունը լարվում, օրհասական էր դառնում, մեր օգնությանն էին դիմում»։
Հովսեփյանի հուշերից իմանում ենք, որ նա մեծ հայրիկի ու մեծ մայրիկի հետ, որոնց գրկում նա մեծացել է, ամեն կիրակի հայկական եկեղեցի են հաճախել, ազգային սգահանդեսների ու տոնահանդեսների, դաշտահանդեսների մասնակցել։ Թերեւս հենց այդ պատճառով, երբ ավարտեց Էքս-ան-Պրովանսի համալսարանն ու հասարակագետի որակավորում ստացավ, գիտական թեզի թեմա Մարսելի հայ համայնքն ու ազգային բարքերի պահպանումն ընտրեց։ Իր ծննդավայրում, որը մոտ մեկ միլիոն բնակչություն ունի, ավելի քան հարյուր հազար հայ կա, այսինքն՝ ցանկացած փողոցի յուրաքանչյուր տասներորդ անցորդը անպայման հայ է։ Ցավոք, մինչեւ գաղտնի բանակների ստեղծումը, շատերը մոռացել էին իրենց ծագումը կամ հայկական արմատների մասին այնպես էին խոսում, կարծես իրենց հետ կապ, առնչություն չունեցող մանրամասն էին մտաբերում:
1985 թվականին, երբ ֆրանսիական ոստիկանությունն առաջին անգամ ձերբակալեց Հովսեփ Հովսեփյանին,
Հովսեփյանը Մարսելում նոր ստեղծված ձայնասփյուռի կայանի գլխավոր խմբագրի տեղակալն էր։

Նրան պաշտոնական մեղադրանք ներկայացվեց, ըստ որի՝ իբր մասնակցել է օդանավակայանից կենտրոնական դրամատուն խոշոր գումար փոխադրող զրահամեքենայի առեւանգմանը։ Բազմաթիվ հարցաքննություններից հետո միայն պարզ դարձավ, որ նրա նկատմամբ անհամեմատ լուրջ կասկածներ կան։ Ի հայտ էին եկել փաստաթղթեր, որոնք անուղղակիորեն վկայում էին, որ Հովսեփ Հովսեփյանը Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներում ղեկավարել է թուրք դեսպանների սպանություններն ու մասնակցել է տարբեր բռնարարքների։ Ճիշտ է, հետաքննությունը հանցանքը չկարողացավ հաստատել, բայց նա ընդմիշտ մնաց գաղտնի ոստիկանության հսկողության ներքո: ԱՍԱԼԱ-ի յուրաքանչյուր գործողությունից հետո Հովսեփյանին հարցաքննության էին կանչում։ Այդպես, երեք իրավաբան վարեց նրա գործը, եւ երբ զգացին, որ փաստերն հետզհետե անողոք են դառնում, դատավարության ժամանակ չի կարողանալու ինքը իրեն արդարացնել, քննիչի սենյակից դուրս ելավ ու փախավ։ Սկսվեցին անվերջանալի թափառումները։ Նախ թաքնվում է Ֆրանսիայում, հետո անցավ Իտալիա, Հարավսլավիա, Հունաստան, Կիպրոս, երկու տարում մոտ երեսուն երկիր փոխեց։ Հենց որ Մոնթե Մելքոնյանն ազատվեց բանտից, որոշեցին միասին Հայաստան գալ։ Իհարկե, տարբեր ճանապարհներով։
Այդ մասին Հովսեփյանը գրում է.«Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես Մոսկվայից ինձ բերող գնացքը կանգ առավ առաջին հայկական կայարանում, ու չնայած գաղտնի էի հայրենիք մտնում, չդիմացա, նետվեցի ցած ու համբուրեցի հողը: Մեր սրբազան հողը, որն այնքան տարի ինձ համար խորհրդանիշ լինելուց հետո մի ակնթարթում հավատամք, պաշտամունք դարձավ»։