Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը որոշ նկատառումներ է ներկայացրել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման միտումների և Եվրոպական Խորհրդի նախագահ Շարլ Միշելի վերջին հայտարարության՝ Արցախին առնչվող հատվածների վերաբերյալ: Պետնախարարի խորհրդականի Ֆեյսբուքի էջում կատարած գրառման մեջ մասնավորապես ասվում է.

1. Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչող ցանկացած փաստաթուղթ ու հայտարարություն խիստ անընդունելի է, ինչի մասին քանիցս տարբեր ձևակերպումներով հայտարարել են Արցախի Հանրապետության իշխանությունները՝ Նախագահի, Ազգային ժողովի, Անվտանգության խորհրդի ու արտաքին գործերի նախարարության մակարդակներով: Անընդունելի է, քանի որ՝

1.1. Արցախի ժողովուրդը միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերի հիման վրա (ՄԱԿ-ի կանոնադրություն, իրավունքների մասին ՄԱԿ-ի միջազգային դաշնագրեր, Հելսինկյան եզրափակիչ ակտ և այլն) 1991թ.-ին իրացրել է իր ինքնորոշման անօտարելի իրավունքը (որն, ի դեպ, jus cogens (պարտադիր) նորմ է համարվում միջազգային իրավունքում):

1.2. Թեև Արցախի Հանրապետությունը լրիվությամբ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, սակայն նրա անկախության փաստն ընդունվել է որպես իրողություն, իսկ կարգավիճակը միջազգայնորեն ճանաչվել է որպես վիճելի ու հակամարտային տարածքի կարգավիճակ:

1.3. Արցախի կարգավիճակի ու ապագայի վերաբերյալ ցանկացած որոշման գլխավոր սուբյեկտը հենց Արցախի ժողովուրդն է, մնացած մեծ ու փոքր դերակատարները ունեն իրավունք միայն իրենց դիրքորոշումները հնչեցնելու, բայց ոչ՝ Արցախի ժողովրդի փոխարեն որոշելու կամ Արցախը առևտրի օբյեկտ դարձնելու:

1.4. Ուստի, այս անցած ճանապարհը և Արցախի բնիկ ու տիտղոսակիր ժողովրդի իրավունքներն ու գոյաբանական լրջագույն վտանգները անտեսելը պարզապես միջազգային հանցագործություն է:

2. Ադրբեջանական հերթական ծուղակներից ու կեղծ փաստարկներից մեկը խորհրդային սահմանների ինքնաշխատ շարունակականության թեզն է, որի հիման վրա են ծավալվել Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերջին շրջանի գործընթացները: 

2.1. ԽՍՀՄ վարչատարածքային բաժանումը չէր կարող uti possidetis juris (նախկին ներքին սահմանների շարունակականության)  միջազգային իրավական սկզբունքի տրամաբանությամբ դառնար պետական սահման:

2.2. Նույնիսկ Ադրբեջանն է բարձրագույն մակարդակով մերժել խորհրդային սահմանների շարունակականությունը, երբ այդ երկրի Գերագույն խորհրդի կողմից 1991թ. ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով և «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտով Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հռչակել 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդը: 

Արտակ Բեգլարյանի հայտարարությունն ամբողջությամբ կարդացեք հետևյալ հղումով՝

https://artsakhpress.am/arm/news/181761/anynduneli-u-hakaorinakan-en-arajin-hertin-henc-hh-i-koxmic-arcakhn-adrbejani-kazmum-tchanachelun-uxxvats-gortsox