
Հուշարձանագետ Սամվել Կարապեյանի «Նախիջևան» քարտեզագրքի նպատակն է ներկայացնել Արևմտյան Հայաստանի Նախիջևան նահանգի հայկական բնաջնջված հուշարձանները: Քարտեզագիրքը ներկայացնում է երկրամասին վերաբերող մի շարք հնագույն քարտեզներ` արված 15- 20-րդ դարերում եվրոպացի քարտեզագիրների կողմից: Նախապատվությունը տրվել է օտարերկրյա հեղինակների աշխատանքներին, որպեսզի շեշտվի փաստի կարևորությունը:
Գրքի երկրորդ բաժինն աշխատանքային խմբի կազմածն է: «Երկրորդ բաժինը սկսվում է երկրամասի ֆիզիկական քարտեզից: Կարևոր է հատկապես 1914թ-ի հունվարի 1-ի մարդահամարի արդյունքներով ստեղծված ազգաբաշխական քարտեզը, որտեղ գույներով նշված է տվյալ ազգի բնակչության վայրն ու թվաքանակը: Գրքում կարմիր գույնով նշված են հայաբնակ գյուղերը, կանաչով` Կովկասյան թաթարների (մինչև 1935թ. կոչվել են Կովկասյան թաթարներ, հետո` ադրբեջանցիներ) գյուղերը»,-ժամանակին ասել է Կարապետյանը և ավելացրել, որ կարմիր կետերն արդեն վաղուց գոյություն չունեն, վերջին հայաբնակ գյուղերը դատարկվել են 1988-1989 թվականներին:
Ինչպես նշել է հեղինակը, «Քարտեզագրքում ներկայացված են 2 տեսակի հուշարձաններ` չնայած հայկական հուշարձանների բազմազանությանը: Դրանք քրիստոնեական պաշտամունքային հուշարձաններն են, վանքերն ու եկեղեցիները, որոնց թիվը հասնում է 219-ի, և որոնցից չի պահպանվել գոնե մեկը: Եվ չնայած ադրբեջանցիներն անընդհատ հայտարարում են, որ Նախիջևանն ադրբեջանական մշակույթի օրրան է, հայկական վանքերի ու եկեղեցիների պատկերները հակառակն են ապացուցում։ Գրքում ներկայացված են նաև Նախիջևանի գրչօջախները, հայկական կրթօջախները` վանական և եկեղեցական-ծխական դպրոցները»։
Արևմտյան Հայաստանի կառավարությունը վաղուց հետևում է Նախիջևանի, որն Արևմտյան Հայաստանի անբաժանելի մասն է, ճակատագրին: Բնիկ ժողովրդի ինքնությունը հաստատող նյութական մշակութային արժեքների ՝ Խաչքարերի հանդեպ Բաքվի իշխանությունների կիրառած վանդալիզմի հարցով Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանն ու հուշարձանագետ Սամվել Կարապետյանը դիմել են Միջազգային Իրավունքի Եվրոպական Դատարան: Հայ ժողովուրդն ունակ է նորից ստեղծելու նյութական և հոգևոր արժեքներ, քանի որ դրանց կրողն ու օգտագործողն է: Կեղծարարները չեն կարող յուրացնել բնիկ ժողովրդի արժեհամակարգը, քանի որ դա նրանց համար խորթ է ու անհասկանալի: Բնիկը մշտապես կապի մեջ է իր հոգևոր ու նյութական աշխարհի հետ և դրա մեջ է բնիկի ուժն ու իրավունքը: