Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեայում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է տարածաշրջանում առկա մարտահրավերներին, որոնք վտանգ են ներկայացնում Արցախի բնակչության կյանքի և առողջության իրավունքի համար:

Ստորև ներկայացնում ենք Անահիտ Ավանեսյանի ժնևյան ելույթից հատվածներ.

«Պատիվ և մեծ հաճույք է մասնակցել Առողջապահության համաշխարհային 76-րդ վեհաժողովին:  Հարգելի գործընկերներ,

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեր տարածաշրջանում առկա մարտահրավերների վրա, որոնք էական վտանգ են ներկայացնում բնակչության կյանքի իրավունքի և առողջության համար։ Արդեն վեց ամիս է, ինչ Բերձորի ճանապարհով մարդկանց և ապրանքների անվտանգ և անխոչընդոտ փոխադրումը Արցախ և հակառակ ուղղությամբ շարունակում է արգելափակված մնալ Բաքվի իշխանությունների կողմից, ինչի հետևանքով 120,000 բնակիչ գտնվում է ամբողջական մեկուսացման մեջ: Արցախի շարունակական շրջափակումը սննդամթերքի, դեղորայքի և բժշկական ծառայությունների պակասի պատճառ է դարձել։ Ադրբեջանը միտումնավոր կերպով քաղաքականացնում և խոչընդոտում է ՄԱԿ-ի գործակալությունների անվտանգ և անարգել մուտքը Արցախ՝ հումանիտար սկզբունքներին համապատասխան՝ այդպիսով զրկելով Արցախի ժողովրդին մարդասիրական օգնությունից։ Այս մարտահրավերների լույսի ներքո մենք մեծապես կարևորում ենք Առողջապահության համաշխարհային կազակերպության՝ ժամանակին և կոշտ արձագանքը Արցախում տիրող իրավիճակին՝ համաձայն իր մանդատի և Սահմանադրության, որտեղ հստակ ասվում է, որ «առողջության ամենաբարձր հասանելի չափանիշներից օգտվելը հիմնարար իրավունքներից մեկն է»։ «Բոլոր ժողովուրդների առողջությունը հիմնարար է խաղաղության և անվտանգության հասնելու համար և կախված է անհատների և պետությունների լիարժեք համագործակցությունից»: