
Անընդունելի և առոչինչ․ այսպես է Արցախի խորհրդարանն արձագանքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնցում «անտեսված են Արցախի ինքնիշխանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը»։ Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառակուսի կիլոմետրով, որը ներառում է նաև Արցախի տարածքը և անկլավները։
Երեկ ուշ երեկոյան Արցախի խորհրդարանում գումարված արտահերթ նիստի ընթացքում միաձայն ընդունված հայտարարությամբ արցախցի պատգամավորները պնդում են՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարը կոպտորեն խախտում է ՀՀ անկախության հռչակագրի ու Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին։
«Մեզ համար անընդունելի և առոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմած որևէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց», — ասվում է փաստաթղթում, որը ներկայացրեց պատգամավոր Վահրամ Բալայանը։