Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթ է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը «Զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց պաշտպանությունը» օրակարգի կետի ներքո, որը նախագահում էր Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսեն։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքաին գործերի նախարարությունը։

«Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը, կարևորելով Ժնևի կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների լիարժեք ու առանց նախապայմանների իրականացումը, ընդգծել է ՄԱԿ ԱԽ առանցքային դերը՝ միջազգային մարդասիրական իրավունքից բխող պարտավորությունների իրականացումը երաշխավորելու հարցում։

Անդրադառնալով 6 ամսից ավել շարունակվող Արցախի շրջափակմանը և դրա մարդասիրական հետևանքներին՝ Վահե Գևորգյանը նշել է, որ, ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող վճռի, Ադրբեջանի իշխանությունները անցակետ են տեղադրել Բերձորի ճանապարհին՝ դրանով պատասխանատվություն կրելով ապօրինի շրջափակման և դատարանի վճիռը չկատարելու համար։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է հակամարտությունից տուժած բնակչության կենսական կարիքները հոգալուն ուղղված գործողություններին, և մինչ այժմ հնարավոր չի եղել երաշխավորել ՄԱԿ-ի և իր գործակալությունների ներգրավումը Արցախում։

Շեշտվել է, որ հայատյացության և այլատյացության խորացմանն ուղղված քաղաքականությամբ ուղեկցվող այս բոլոր ապօրինի գործողությունները բացահայտում են Բաքվի իշխանությունների ցեղասպան մտադրությունները և վերջնական նպատակը՝ Արցախի բնիկ ազգաբնակչության ամբողջական էթնիկ զտումը։ Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, որպես միջազգային խաղաղության և անվտանգության համար պատասխանատու առաջնային մարմին, իր մանդատին համահունչ կշարունակի ներգրավված լինել այս հարցում՝ երաշխավորելու քաղաքացիական բնակչության արժանապատվությունը, անվտանգությունը և մարդու հիմնարար իրավունքները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Reply