Սեբաստիայի Կամարակ գավառի Չեփնի ավանում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որ կառուցվել է 19-րդ դարում,  վերածվել է գանձագողերի թիրախի։ Այդ մասին հաղորդում են թրքալեզու լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ ժամանակ առ ժամանակ եկեղեցին քանդող գանձ որոնողները մեծ փոսեր են փորել և կառույցն ավիրել։ Եկեղեցու տանիքը պատված է խոտով ու հողով և վերևից տան այգի է հիշեցնում։

Չեփնի ավանի նախկին համայնքապետ Մուրադ Ուչարը շեշտել է, որ եկեղեցին պետք է վերանորոգվի։ Նա նշել է․ «Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է մոտավորապես 1800-ական թվականների առաջին քառորդին։ Անունը Սուրբ Սարգիս հայկական եկեղեցի է։ Այն ժամանակվա պայմանների համաձայն՝ այս շինությունը պաշտամունքի վայր է եղել։ Մենք այս կառույցի մասին գիտենք դեռ մանկությունից։ Ժամանակ առ ժամանակ այն ավիրվել է գանձագողերի կողմից։ Այս վայրը ժառանգություն է, որ պետք է փոխանցել ապագա սերունդներին։ Մենք ցանկանում ենք, որ այս կառույցը մեր շրջանի պիտակը դառնա։ Մենք ուզում ենք եկեղեցին վերանորոգել՝ զբոսաշրջության զարգացմանը զարկ տալու համար»։

Եկեղեցու շինարարությունը պետք է իրականացնել հայկական ճարտարապետության շինարարական նորմերին համապատասխան, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ եկեղեցու վերանորոգման շղարշի տակ փոխվել է եկեղեցու արտաքին տեսքը և նմանեցվել բալկանական եկեղեցիներին։

Leave a Reply