
Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի Վարդանը 1988 թվականից ամբողջապես նվիրվել է Արցախյան ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու հարգանք ձեռք բերել ժողովրդի շրջանում եւ դեռեւս կենդանության օրոք դարձել իսկական լեգենդ։ Վարդան Ստեփանյանը ծնվել է 1966 թվականի մարտի 9-ին, Երևանում։ 1973–1983թթ. սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում։ Սովորել է գերազանց գնահատականներով և ավարտել է գերազանց գնահատականներով։
1984 թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում` սովետական բանակի կազմում։ Նա երազում էր տիրապետել ռազմական արվեստի ամբողջ հմտություններին։ «Աֆղանստան ծառայելու գնացի կամավոր, ուզում էի լավ կռվել սովորել եւ կռվեցի։ Վատ զինվոր չեմ եղել եւ միշտ հավատացել եմ, որ մի օր Հայոց բանակի զինվոր եմ լինելու»,- ասել է Դուշմանը:
Աֆղանստանից հետո խաղաղության մեջ ապրելը դժվար է եղել Վարդանի համար. «Տեղս չէի գտնում: Երկու ամիս աշխատեցի գործարանում: Կարեւոր մի բան պակասում էր: Ինքնուրույն վճռեցի գնալ Մոսկվա, ընդունվել համալսարան: Ընդունվեցի նախապատրաստական բաժինը, բայց կիսատ թողեցի: Հաջորդ տարի` 1987թ., ընդունվեցի Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտ: Կյանքս հունի մեջ էր մտնում: Բայց եկավ 1988թ. գարունը. սկսվեց Արցախյան շարժումը: Ուսումս կիսատ թողած` շտապեցի Երեւան: Իմացա, որ կազմավորվում է «աֆղանցիների» ջոկատը, անդամագրվեցի: Ինձ գնդացիր տվեցին»:

Շատ բարդ է եղել Արցախ մեկնող նորակոչիկների գործը։ Վարդանը ոգեշնչել է պատանի զինվորներին։ Հետո ձեռքն է վերցրել մի բուռ հող, կերել եւ պահանջել, որ այդպես անեն նաեւ տղաները։ Հետո սկսել է խոսել, որի միտքն այն էր, որ մեր երկիրը, մեր հողը մեր մայրն է, եւ աշխարհում նրանից ավելի քաղցր բան չկա։ «Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետեւ մեր հողը մեր բոլորիս ծնողն է»,-նշել է Վարդանը: Արցախում, երբ նկատվել է զենքի պակաս եւ 1989թ. Վարդանը հատուկ առաջադրանքով մեկնել է Մոսկվա, որտեղից աներեւակայելի ճանապարհով, ազատվելով դեռեւս գոյություն ունեցող Սովետական միության ստուգումներից, կարողացել է Հայաստան հասցնել զենք ու զինամթերք, որը հետո ուղարկվել է Շուշիի Բերդաձոր գյուղ։ Այնուհետեւ ընկերոջ` Արմեն Երիցյանի հետ ստեղծել են ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվել են Արցախ մեկնող ֆիդայիները։ Հետագայում Վարդանը ստեղծում է նույնպիսի դպրոց նաեւ Արցախում։ Նա ասել է. «Զենք վերցնել ու գնալ կռվելու, արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը` լավ թե վատ, կախված է հրամանատարից»։
«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»։ Վարդանը զոհվեց 1992 թ. հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոյի (Արմեն Երիցյան) եւ Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք է կատարել ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։ «Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»։