
Վաշինգտոնն աջակցում է հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակմանը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլերը՝ մեկնաբանելով երեկ Մոսկվայում կայացած Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը։
«Մենք դահլիճում չէինք, բայց դա մեզ համար առաջնային է մնում։ Ինչպես գիտեք, պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ այստեղ՝ Վաշինգտոնում, ողջունեց երկու կողմերին։ Մենք հասկանում ենք, որ այդ ժամանակվանից ի վեր բանակցությունները շարունակվել են Բրյուսելում, և մենք աջակցում ենք դրանց շարունակմանը»,- ասել է Միլերը՝ շեշտելով․ — «Սա շարունակում է մնալ մեզ համար առաջնահերթություն»:
Նա վերահաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը, թե համաձայնությունը հասանելի է և երկու կողմերը պետք է միասին աշխատեն՝ չլուծված հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար։
Արևմտյան Հայաստանի կառավարությունը ողջունում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված Արցախի հարցի խաղաղ կարգավորմանը: Կարծում ենք, որ երկու գերտերությունները հասկանում են, որ հարցն իր վերջնական հանգուցալուծմանը չի հասնի, մինչև չվերականգնվեն Արցախի ժողովրդի իրավունքներն ու Արցախի տարածքի ամբողջականությունը, որն ամրագրվել է 1991 թվականին՝ բնիկ արցախցիների ազատ կամարտահայտությամբ: