
Թալեաթի հրամանով՝ «ամեն կերպ ջանալ ոչնչացնել բուն «Հայաստան» անվանումը Արևմտյան Հայաստանում», ջարդարարները քանդեցին, հողին հավասարեցրին ու մոխիր դարձրին Արեւմտյան Հայաստանի եւ Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի գրեթե բոլոր եկեղեցիներն ու վանքերը։
Ինչպես գրում է Արեւմտեան Հայաստանի հայ պատմաբան եւ բանասեր Գեւորգ Մեսրոպը. «Նոյնիսկ մենք, հայերս, չենք գիտեր, թէ ի՞նչ էր… մեր վանքերուն, մեր եկեղեցիներուն իսկական թիւը… տեսակն ու քանակը, որակն ու արժէքը»։ «Բայց, բարեբախտաբար, դրանց գոնե մոտավոր թվաքանակի մասին պատկերացում են տալիս Առաջին աշխարհամարտին եւ թուրքերի կողմից Հայերի դեմ իրականացված ցեղասպանությանը նախորդած տարիներին հայկական վանքերի ու եկեղեցիների՝ տարբեր առիթներով կազմված ցուցակները եւ վիճակագրական տվյալները։ Վկայությունների համաձայն՝ հայ լուսավորչական վանքերից ու եկեղեցիներից հիմնահատակ ավերվել եւ թալանվել են 1727-ը։ Այլ տվյալներով Արեւմտյան Հայաստանում եւ օսմանյան Թուրքիայի ամբողջ տարածքում այդ տարիներին կործանվել եւ կողոպտվել են ավելի քան 2000 հայկական վանքեր, եկեղեցիներ ու մատուռներ: Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերը դարձան նաեւ այդ վանքերին ու եկեղեցիներին պատկանող, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի հայերից շատերի անձնական սեփականությունը հանդիսացող, նրանց ընտանիքներում սրբությամբ պահված ու սերնդեսերունդ ժառանգաբար փոխանցված մեր միջնադարյան ձեռագիր մատյանները, այդ թվում՝ մանրանկարներով զարդարված գրչագրերը, որոնց համար բանիմաց մարդիկ պատրաստ էին իրենց ունեցվածքը տալու։