
Արթուր Ասլանի Մկրտչյանը ծնվել է 1959 Հադրութի շրջանում։ 1976 թվականին ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ։ Այստեղ Արթուր Մկրտչյանը նեղ մասնագիտություն է ընտրել, իր ժամանակին «քաղաքական պահանջարկ» չվայելող ազգագրությունը։ Ընտրության հարցում որոշակի դեր է խաղացել հեղինակավոր ազգագրագետ Յուրի Մկրտումյանը։ Մասնագիտության ընտրությունից սկսած՝ մինչև Հադրութի Պատմագիտական թանգարանում աշխատանքի անցնելը, Արթուր Մկրտչյանն ինչպես անհատական նախաձեռնությամբ, այնպես էլ ճանաչված մասնագետների կողմից կազմակերպված նպատակային գիտական արշավների կազմում, հարուստ ժողովրդագիտաական — ազգագրական նյութ է հավաքել Խորհրդային Հայաստանի և նախկին Արցախի մի շարք բնակավայրերում։ 1977 թվականին երկրորդ կուրսի ուսանող Արթուր Մկրտչյանն ընկերոջ՝ հնագետ Համլետ Պողոսյանի հետ մեկնում է Խաչեն, շրջագայում ու նյութեր հավաքում Ղարաբաղի տասնութ գյուղերից։ Դա գիտական նպատակներով ձեռնարկված նրա առաջին ուղևորությունն էր հայրենիք։ Այնուհետև, Արցախի նյութական մշակույթը մշտապես մնում էր նրա ուշադրության կենտրոնում։
Իսկ հետագա տարիներին Արթուր Մկրտչյանը ժողովրդագիտական նյութեր է հավաքում նաև Հայաստանի մի շարք շրջաններում՝ Թումանյանի, Արթիկի, Արտաշատի, Դվինի, Աշտարակի, Էջմիածնի, Մեղրիի, Կապանի, Գորիսի, Կարմիրի բնակավայրերից ու գյուղերից։ Նրա վրա խոր տպավորություն են թողնում Հայաստանի պատմամշակութային հուշարձանները, ավեր և կանգուն եկեղեցիները՝ Խոր Վիրապը, Գառնին, Գեղարդը և այլն ։
1988 թվականին ծավալված Ղարաբաղյան շարժումը կլանեց Արթուր Մկրտչյանին ամբողջովին, ու նա հայտնվեց Հադրութի շրջանում տեղի ունեցող իրադարձությունների կենտրոնում ոչ միայն որպես առաջնորդ, կազմակերպիչ-ղեկավար ու հրամանատար, այլև անմիջական մասնակից, զինվոր։ Նշենք, որ Արթուր Մկրտչյանը 1988 թվականի հունվարին Արցախից Մոսկվա մեկնած երկրորդ պատվիրակության կազմում էր։
Արցախյան Շարժումն սկսվելուց Արթուր Մկրտչյանը դարձավ նրա ակտիվ մասնակիցը՝ 9 հոգու թվում ստորագրելով առաջին նամակը Գորբաչովին։ 1988 թվականի փետրվարի 12-ի Հադրութի հանրահավաքից, Արթուր Մկրտչյանի ուղին եղել է սրընթաց։ Նա անդամագրվեց ՀՅԴ-ին։
Արթուր Մկրտչյանի պաշտոնավարության շրջանում ազատագրվեցին Ստեփանակերտը օղակող Մալիբեյլին ու Կրկժանը, Խոջալու ավանը, ինչպես նաև Հադրութի մի շարք գյուղեր։ Նա չհասցրեց տեսնել Շուշիի ազատագրումը, թեև ռազմական գործողությունների ծրագրի մշակման գործուն մասնակիցն էր։ Արթուր Մկրտչյանի գիտական նախասիրությունների իրագործման ժամանակաշրջանը համընկավ Ղարաբաղյան ազատագրական պայքարի բուռն վերելքի հետ և տոհմիկ, ավանդապահ ընտանիքում մեծացած, հիմնավոր հայկական կրթություն ստացած, ազգային գաղափարներով սնված երիտասարդը նետվեց այդ պայքարի հորձանուտը։ «Այս հողն է ինձ ծնել, այս հողին եմ պարտական ունեցածիս համար։ Հիմա եկել է փոխհատուցման պահը»,- ասում էր Արթուր Մկրտչյանը։

ԼՂՀ Գերագույն խորհրդի անդրանիկ նիստում նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը, 48 պատգամավորներից 44-ը քվեարկեցին նրա օգտին։ Իր պաշտոնավարության երեքուկես ամիսների ընթացքում Արթուր Մկրտչյանը ի հայտ բերեց պետական գործչին վայել լրջություն, հերոս Արցախի ղեկավարին բնորոշ արժանապատիվ կեցվածք, երիտասարդ հանրապետության առջև ծառացած խնդիրներն արագ ու ժամանակին լուծելու կարողություն՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու խնդիրը։ Նա դրեց այն հիմնաքարը, որի վրա բարձրացավ Արցախը։
1992 թվականի հունվարի 11-ին անց են կացվել լրացուցիչ ընտրություններ։ Հաշվի առնելով, որ ոչ բոլոր ընտրատարածքներում են ընտրվել պատգամավորներ՝ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարբեր ժամկետներում՝ ընդհուպ մինչև 1994 թվականի հուլիսի 3-ը, անց է կացրել նոր ընտրություններ։ Վերջնական արդյունքում կազմավորվել է 75 պատգամավորից բաղկացած խորհրդարան։
Արթուր Մկրտչյանի կյանքի թելը կտրվեց 1992 թ. ապրիլի 14-ին անբացատրելի հանգամանքներում։