Ավանդաբար ամեն տարի Թբիլիսիում մայիսի վերջին կիրակին նշվում է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր` «Վարդատոն» անվանումով: 

«Սայաթ Նովային նվիրված ավանդական տոնը այս տարի առավել խորհրդանշական էր », – Jnews-ի հետ զրույցում ասաց «Վիրահայերի միություն» ՀԿ-ի ղեկավար Մարի Առաքելովան։

«Գրեթե 100 տարի և ավել, մշակույթային այս քաղաքում տոնվում է  Վարդատոնը, որը նվիրված է Կովկասի աշուղին՝ Սայաթ-Նովային: Այս տոնին մասնակցում եմ առաջին անգամ, ինձ համար սա շատ հաճելի է, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այսօր այստեղ են և ովքեր ունեն իրենց ներդրումն այս գործում», – իր ելույթում ասաց ՀՀ լիազոր դեսապան Աշոտ Սմբատյանը:  Վերջինիս համար ողջունելի է նաև այն, որ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ղեկավարած «Սայաթ-Նովա» համույթը մասնակցում է Վարդատոնին: Տարբեր պարային ու երաժշտական կատարումներով հանդես եկան՝ Հայաստանից ու Վրաստանից երգիչներ, համույթներ ու պարողներ: Կարևոր հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի գրողների միության նախագահ՝ Մաղվալա Գոնաշվիլին, ով մասնավորապես ասաց. «Մյուս տարի հոբելյանական է, լրանում է Վարդատոնի 110-ամյակը:  Այդ առիթով, առաջարկում եմ, որ «Սայաթ-նովայի» անունով մրցանակ սահմանենք, որը կտրվի այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս գործում»:

Այն առաջին անգամ տոնել են 1914 թվականին Թբիլիսիում՝ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրացի բանաստեղծ, գրականագետ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ։ Այդ օրը Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տոնի մասնակիցները կարմիր վարդեր են դնում Սայաթ-Նովայի շիրիմին, լսում նրա ստեղծագործությունները։