Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974թ. տվյալների` 1923-ից հետո Արևմտյան Հայաստանում կանգուն մնացած հայկական 913 պատմական-ճարտարապետական հուշարձաններից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, իսկ 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն:

Հայկական ճարտարապետական շինությունները հետևողականորեն պայթեցվել են՝ որպես թիրախ օգտագործվելով թուրքական բանակի զինավարժությունների ժամանակ, իսկ քարերն օգտագործվել են որպես շինանյութ: Որոշ գյուղական վայրերում դրանք ծառայում են որպես գոմ, պահեստ, բանտ: Շատ դեպքերում հայկական եկեղեցիները վերածվել են մզկիթների:

1987 թ. հունիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի 6-րդ կետում նշված է, որ թուրքական կառավարությունը ուշադրություն պետք է դարձնի Արևմյան Հայաստանում ապրող հայերի լեզվին, մշակույթին, կրթական համակարգին` միաժամանակ պատշաճ վերաբերմունք ցուցաբերի Օկուպացված Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող հայկական հուշարձանների հանդեպ:

Հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը կամ դրա ապօրինի յուրացումը` հայերի դեմ իրագործած ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է: 

Ներկայացված են նաև հայ միջնադարյան հուշարձաններ` ավերված Հայերի ցեղասպանության տարիներին և հաջորդող ժամանակաշրջանում: