Գորգիսյանների տոհմական բնօրրանը եղել է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Սղերդ քաղաքը, որտեղ ծնվել է Մովսեսի պապը’ Սամի Չաուշը: 1915թ. Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության օրերին նա դարձավ պայքարի մարտիկ. հայրենի բնակավայրի ինքնապաշտպանության կազմակերպիչներից էր, բազում վճռորոշ մարտերի, հետագայում’ Սարդարապատի ճակատամարտի մասնակից: Պատմում են, որ թուրք եղեռնագործների ձեռքից մոտ հարյուր աղջիկ է ազատել, որոնցից վերջինին’ Վերոնիկային, վիճակված էր դառնալ նրա կինը’ Մովսեսի տատը:

Գաղթի ճանապարհները Մովսեսի նախնիներին տարել են Եգիպտոս: Կահիրեում մի սրճարան կար’ «Ընկեր Սամուելի սրճարանը», որը դարձել էր հավաքատեղի, ուր ամեն երեկո աշխատանքից հետո հավաքվում էին հայերը: 

Ցեղասպանության տարիներին պատմական Կիլիկիայից Մերձավոր Արևելք է տարագրվում նաև Մովսեսի մոր’ Աթթարյանների տոհմը: Երկրորդ աշխարհամարտից հետո’ 1947թ.-ին հարյուր հազարավոր հայրենակարոտ հայերի հետ Մովսեսի ծնողները’ Գևորգը’ Կահիրեից և Ալիսը’Հալեպից, առաջին իսկ քարավանով հայրենադարձվեցին:

Սակայն խորհրդային իշխանությունների որոշումով նրանք դասվեցին հասարակության համար անցանկալի տարրերի շարքում և բռնագաղթվեցին Ալթայի երկրամաս: Այնտեղ էլ հանդիպեցին Մովսեսի ծնողները, ամուսնացան, ունեցան զավակներ’ Սամվելին և Արաքսին: Ստալինի մահից հետո Գորգիսյանների ընտանիքին թույլատրվեց վերադառնալ հայրենիք, հաստատվել Երևանում, որտեղ էլ 1961թ. դեկտեմբերի 3-ին ծնվեց ընտանիքի կրտսերը’ Մովսեսը: Մովսեսը երեք տարեկան էր, երբ աքսորավայրում ձեռք բերած բազմաթիվ հիվանդություններից մահացավ հայրը: 

1988-ի փետրվարին  սումգայիթյան ոճրագործությունը ապացուցեց, որ անհրաժեշտ է ոչ թե հույսը դնել խորհրդային բանակի վրա, այլ ունենալ սեփական զինվորական կազմավորումներ: Պետք էր զինվել և պատրաստ լինել հարևան պետությունների ոտնձգություններից պաշտպանվելու:

 «Ինքնապաշտպանությունը ազգի սրբազան իրավունքն է»,- ասում էր Մովսեսը: Նա գտնում էր, որ նախ և առաջ անհրաժեշտ է հայ տղամարդկանց հավաքագրել, վարժեցնել զենքին, զորավարժություններ կազմակերպել, այդուհետ ամրագրել Հայոց Ազգային բանակի սկզբնավորումը: Բայց դեպքերն այնպես արագ ընթացան, որ բանակումի ժամանակ չկար, սահմաններում կրակոցներ սկսվեցին ու անհրաժեշտություն եղավ ստեղծել կամավորական ջոկատներ:

Մովսեսը դարձավ «Հայոց ազգային բանակ» և «Անկախության բանակ» ջոկատների հիմնադիրը: Հուշեց գաղափարն ու օգնեց գաղափարական ու կազմակերպչական, ինչպես նաև սպառազինության և հանդերձանք հայթայթելու հարցերում: Անզեն հայությանը նախ զինեցին ոգով և հետո նաև զենքով: 1990թ. հունվարի 18-ին լուր ստացվեց, որ իրավիճակը կտրուկ սրվել է Արարատի շրջանի Նախիջևանի սահմանամերձ գոտում: Ադրբեջանական զինյալները շրջակա բարձունքից անընդմեջ գնդակոծում էին հայկական բնակավայրերը: Խաղաղ բնակչության մեջ կային զոհեր ու վիրավորներ: Օրըստօրե ահագնացող սպառնալիքը չեզոքացնելու համար ինքնապաշտպանական ջոկատները աճապարում էին դեպի Երասխավան: 

Մովսեսն այդ օրը հիվանդ էր’ ջերմություն ուներ: Գործերը շատ էին, սակայն ոչ կազդուրվելու, ոչ սնվելու, ոչ էլ քնելու ժամանակ չկար. Երասխավանի կռիվը «Անկախության բանակի» առաջին մարտն էր, այն էլ’ խորհրդային բանակի դեմ: Պարտքը կանչեց, և Մովսեսը, որ հազար ասելիք ու անելիք ուներ իր ժողովրդին, հավերժ 28- ամյա գաղափարական մարտիկը, զենք վերցրեց, որ սերունդներին սրբագործված հանձներ իր պատգամը: Մեկնեց ի մարտ, ի հաղթություն…

Գիտակցելով, թե հայ-ադրբեջական սադրանքների թիկունքում ովքեր են կանգնած և ինչ նպատակ են հետապնդում, 1990թ.-ի հունվարի 19-ին Երասխավանի բլրի վրա լսվեց Մովսեսի վերջին խոսքը. «Չե՞ք տեսնում, սա խաղ է’ թատրոն»: Դեմքով դեպի բարձր սարը, ուր տեղակայված էր թշնամին, որին աջակցում էին խորհրդային ստորաբաժանումները, նա քայլում էր զայրացած ու ձեռքերով ինչ-որ բաներ ասում: Ավարտվել էր սադրանքը և ետ վերադառնալ էր պետք: Վերադարձի ճանապարհին դավադիր գնդակը գտավ նրան:

Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսը հուղարկավորվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում’ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի անմար կրակի հարևանությամբ: Մովսես Գորգիսյանը հայ ժողովրդին առաջնորդեց դեպի ազատ, անկախ Հայաստան’ միացյալ Հայաստանի երազանքը ժառանգելով եկող սերունդներին: 

Աննկուն կամքի ու բարոյական սկզբունքների շնորհիվ Գորգիսյանը դարձավ առաջնորդ: Աստված, Ազգ, Հայրենիք’ ահա Մովսեսի հավատամքը: Մարդ, ով իր ապրած կարճ կյանքով կրթեց հազարավոր մարդկանց և հայեցի ապրելու ու գործելու ուղենիշ դարձավ սերունդներիհամար: