
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել մայիսի 28-ին Բաքվի իշխանությունների կողմից հնչեցված հերթական ռազմատենչ հայտարարություններին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ի հեճուկս ՄԱԿ-ի կանոնադրությանը, 2022թ․ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու գրավոր հանձնառությանը, այլ հարթակներում բազմիցս ստանձնած նույնպիսի բանավոր պարտավորություններին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին՝ Բաքվի իշխանությունները Հայաստանի Հանրապետությանը կրկին սպառնում են ուժի կիրառմամբ, իսկ Արցախի բնակչությանը՝ էթնիկ զտումներով: Նշյալի վկայությունն այն է որ վերահսկելով Բերձորի ճանապարհը` Բաքվի իշխանությունները խափանել են Արցախի ու Սյունիքի միջև կապը: Ավելին, նույն համատեքստում վերջինս անթաքույց կերպով սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել, եթե Արցախի հայերը «դասեր չքաղեն» Բերձորի ճանապարհի արգելափակումից: Ցավոք սրտի, ինչպես երևում է Բաքվի իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, նրանք խնդիրների լուծումը տեսնում են ոչ թե Ալմա-Աթայի հռչակագրով նախանշված սահմաններով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման և Արցախի բնակչության իրավունքների և անվտանգության հասցեագրման, այլ սպառնալիքի և ռազմական ուժի գործադրման ճանապարհով։Նման զարգացումները կանխելու համար Հարավային Կովկասի խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պարտավոր են հանդես գալ միանշանակ և աներկբա գնահատականներով»: