Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանը ծնվել է 1985թ.  դեկտեմբերի 22-ին։ Մենուան Հայաստան տեղափոխվելուց հետո դպրոցում շատ էր սիրում աստղագիտություն և աշխարհագրություն , ինչպես նաև պատմության հետ առընչվող առարկաները:

Դպրոցն ավարտելուն պես պետք է ընդունվեր հեռուստառեժիսուրա բաժին, սակայն մտքափոխվում է և տեղափոխվում ՌԴ-ում սովորելու: Որոշել էր իրավաբանական կրթություն ստանալ, սակայն 2 տարի անց վերադառնում է հայրենիք և ստանձնում  «Հայ ասպետ» հեռուստանախագծի համակարգող- տնօրենի պաշտոնը:

Աշխատանքին զուգահեռ` Մենուա Հովհաննիսյանը հեռակա սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի հանրային կառավարում բաժինը:

2016թ.  ապրիլին կամավորագրվելով հայրենիքի պաշտպանությանը՝ մեկնել է Արցախ՝ մասնակցելու Բաքվի իշխանությունների կողմից սանձազերծված Քառօրյա պատերազմին: Արցախում ծառայելով շուրջ մեկ ամիս, վերադառնում է Երևան հաստատակամ որոշմամբ՝ որ պետք է հետախույզ դառնա:

Երազանքի հետքերով քայլելով՝ 2013թ. դեկտեմբերի  16-ին Մենուան ամուսնանում է Թամարա Կոստանդյանի հետ: 

Նրանք 2 երեխա են ունեցել։ Առաջնեկի անունը Սարդուր է, իսկ աղջկա անունը՝ Արինա:

2020 թվականի սեպտեմբերի 28-ին Քեռու ջոկատի կազմում, որպես 3-րդ դասակի հրամանատար, մեկնել է Արցախ։ 

Թամարա Կոստանդյանը նշել է, որ մեկնելուց առաջ ամուսնուն հարց էր ուղղել, թե հնարավո՞ր է, որ իրենք չմեկնեն, ինչին ի պատասխան՝ Մենուան ասել էր.

«Չի կարող նման բան լինել, մենք պետք է գնանք»։

Հոկտեմբերի 2-ին դասակի տղաների հետ իրականացրել է Մատաղիսի զորամասի ապահով նահանջը, որի ընթացքում իր անմիջական մասնակցությամբ անտառներից դուրս են բերվել 80-ից ավել ժամկետային զինվորներ։ 

Հոկտեմբերի 3-ին Արցախի նախագահի հետ 1 ժամյա քննարկումներից հետո պատասխանատվություն է վերցնում իր վրա՝ իրականացնելու Արեգասար լեռան վրա հարձակումը։ Հոկտեմբերին 5-ին արդեն թշնամու թիկունքում հանդիպելով մոտ 180 հոգանոց թշնամուն՝ կարողացել են ջարդել մոտ 140-150 հոգու։ Մարտի ժամանակ զոհվել է նաև  33-ամյա Մենուան։

Հայրենիքին անձնվիրաբար նվիրվելով, Մենուան զոհվեց հանուն հայրենյաց սիրո, այն գիտակցումով, որ հետնահանջի իրավունք չունեն։