Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ եւ աջակցությամբ լույս է տեսել «Հավատամք» թերթի խմբագիր, գրող, թարգմանիչ Արմեն Մերուժանյանի հերթական գիրքը՝ «Հայ համայնքը պատկերներով եւ դեմքերով. քաղաքի հիմնադրումից մինչև քսաներորդ դարի 30-ական թթ.» վերնագրով: Այն նվիրված է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի պատմությանը: Գրքում տեղ են գտել ուշագրավ, փաստեր եւ իրադարձություններ՝ սկսած Պետրոս Առաջինի ժամանակներից հայկական համայնքի ձեւավորումից մինչեւ ծագումով հայ հայտնի ազնվական ընտանիքներ, որոնք մեծ դերակատարություն են ունեցել երկրի կյանքում:

Շատ անուններ ու իրադարձություններ այս գրքում բարձրաձայնվում են առաջին անգամ: Մերուժանյանը հրաշալի է ներկայացրել տարբեր ոլորտների ակնառու հայ գործիչների դիմանկարները՝ այդ թվում անդրադարձել է Լազարյաններին, Լորիս-Մելիքովին, Այվազովսկուն, Սուրենյանցին, Եկմալյանին, Ռոմանոս Մելիքյանին:

 Հեղինակը փաստում է, որ Ռուսաստանի հայերը երբեք չեն եղել այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների զուտ պասիվ դիտորդներ: Ինտեգրվելով ռուսական միջավայրին՝ նրանք  իրենց ներսում փայփայել են պատմական հայրենիքի երազը:

Հավելենք, որ Արմեն Մերուժանյանի նորատիպ գրքի շապկին Ալեքսանդր Թամանյանի հեղինակած Սուրբ Եկատերինա եկեղեցու վանդակաճաղի հատվածն է, իսկ կազմի վերջին էջում՝ այն բանալին է, որով ժամանակին բացվել է Սուրբ Հարություն եկեղեցին:Արևմտյան Հաայաստանի կառավարությունը ողջունում է տարբեր ժամանակներում և տարբեր հանգամանքներով թուրքական յաթաղանից մազապուրծ փրկված և աշխարհով մեկ սփռված Արևմտյան Հայաստանի զավակների կյանքն ու գործունեությունը նկարագրող ցանկացած հրատարակություն: Արմեն Մերուժանյանի գիրքը այդ շարքից է: Գիրքը գալիս է հաստատելու բնիկ ժողովրդի ուժն ու կարողություններն: Հայը որտեղ էլ որ հայտնվի՝ իր ընտանիքի կեցությունն ապահովելուց հետո,  առաջին հերթին սկսում է զբաղվել Հայրենիքի վերականգնման և հզորացման հարցերով: Գրքի հերոսները  այդ մարդկանց թվին են պատկանում: Հիշենք միայն Լորիս -Մելիքովին, ով Ռուսական կայսրության Ներքին գործերի նախարարն էր՝ փաստացի դիկտատոր-վարչապետի պարտականություններով: Մինչ այդ նա հասցրել էր իրականացնել իր նպատակների մի մասը՝ ազատագրելով Արևմտյան Հայաստանի մի շարք գավառներ: Հենց այդ երազանքն է, որ տարագիր հայերին ստիպում է առաջին իսկ հնարավորության դեպքում ծառայության մտնել բոլոր այն կառույցներում, որտեղ կարող են զուգահեռ ծառայել նաև Հայրենիքին: Մեկ անգամ ևս ողջունում ենք Արմեն Մերուժանյանին և մյուս բոլոր գործիչներին, ովքեր իրենց հայրենանվեր գործունեությանբ սերունդներին են փոխանցում հայ մեծերի ազգանվեր կենսակերպը: