Երևանում՝  ԵՊՀ իրանագիտության ամբիոնն ու Թեհրանի համալսարանի «Կովկասյան հետազոտությունների կենտրոնը» համատեղ կազմակերպել են «Հայաստան-Իրան հազարամյակների բարեկամությունը և տարածաշրջանային զարգացումները» խորագրով կլոր-սեղան քննարկում:

«Մեր առաքելությունն ենք համարում նաև Հայաստան-Իրան հարաբերությունների համար գիտամշակութային մթնոլորտի ստեղծմանը նպաստ բերելը, քանի որ հենց նման մթնոլորտում է շատ հաճախ ձևավորվում քաղաքական, դիվանագիտական, նաև տնտեսական հարաբերություններ»,- քննարկման մեկնարկին ասաց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ մեծ պատիվ և ուրախություն է ողջունել նման գիտական, կարելի է  ասել քաղաքակրթական միջոցառումը, որի  արմատները գնում են հազարավոր տարիներ առաջ, և իրենք էլ իրենց պարտքը գիտակցելով՝ շարունակում են հազարամյակների այդ տրադիցիան, որը կապում է այս տարածաշրջանի բնիկ ու հինավուրց ժողովուրդներին։

Նրա կարծիքով, հատկապես այս փոթորկուն ժամանակաշրջանում հայերն ու իրացիները լավագույն  օրինակը կարող են ծառայել իրար կողք ապրելու, իրար հարգելու և խաղաղությունը ոչ թե բառերով, այլ իրականում փայփայելու ու շարունակելու հարցում։

«Տարածաշրջան ներմուծված տարբեր ժողովուրդներ ոչ միայն չեն յուրացրել այս տարածաշրջանի բարեկամության ու  խաղաղության խաղի կանոնները, այև փորձում են  այս հաստատված իրողությունները փոխել, այլափոխել, այլասերել՝ առաջ բերելով թշնամանք, պատերազմներ, վանդալիզմ և այլն։

Եկվոր ու ներմուծված այդ ժողովուրդները յուրացնում են կամ փորձում են յուրացնել բնիկների ոչ միայն մշակույթը, գրականությունը, մեծանուն գրողներին, այլև տարածքներն ու անգամ տեղանունները։

Եվ այդ համապատկերում հայերն ու իրանցիները եկվորների թիրախն են։ Հետևաբար, մենք ավելի քան պարտավորված ենք  դարավոր, մեր լավագույն տրադիցիաները նաև գիտական հարթակներում շարունակել պրոպագանդել»,- ասաց Ռ.Մելքոնյանը։