«Ոսկե արծիվ» շքանշանակիր Ռուստամ Ռաֆիկի Գասպարյանը ծնվել է 1961թ․ ապրիլի 11-ին Արմավիրի մարզի Հոկտեմբերյանի շրջանի Ջանֆիդա համայնքում։ Սովորել է հարազատ գյուղի միջնակարգ դպրոցում;․ Ավարտել է Արմավիրի «Արարատ» համալսարանը՝ իրավագետի մասնագիտությամբ։ 

1988 թվականից մասնակցել է Արցախյան շարժմանը,  հայրենի գյուղում հիմնել է «Սև հովազ» ջոկատը, ստանձնել ջոկատի հրամանատարի պաշտոնն ու մասնակցություն ունեցել Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությանն ու ազատագրությանը: «Սև հովազ»-ի մարտական ուղին սկսվել է Երասխի սահմանների պաշտպանությունից, շարունակվել Արցախի գրեթե բոլոր շրջանների ազատագրման մեջ ունեցած ավանդով։ 1994-2000թթ․ ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում՝ զբաղեցնելով հրամանատարական տարբեր պաշտոններ։2020թ. 44-օրյա պատերազմի օրերին «Սև հովազ» ջոկատը Ռուստամ Գասպարյանի հրամանատարությամբ կրկին առաջնագծում էր: Ռուստամը իր երկու զավակներին տվել է մարտիկներին վայել դաստիարակություն, և պատահական չէր, որ հայր ու որդի միասին են մեկնել ռազմաճակատ: Սեպտեմբերի 28-ից Շահումյանում, այնուհետև՝ հոկտեմբերի 11-ից Հադրութում ջոկատի քաջարի մարտիկներն անշեղորեն կատարում էին իրենց առջև դրված մարտական խնդիրները, ետ մղում թշնամու հուժկու հարձակումները: 2020թ․ Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից կիրառված ԱԹՍ-ից հարված է հասցվել Ռուստամ Գասպարյանի մեքենային, որի հետևանքով նրա 29-ամյա որդին՝ Ռաֆիկ Գասպարյանը տեղում մահացել է, իսկ ինքը՝  գլխի շրջանում ստացել բազմաբեկորային վնասվածքներ։ Հոկտեմբերի 16-ին Ռուստամ Գասպարյանին վիրահատել են Ստեփանակերտում, այնուհետև տեղափոխել Գորիսի ԲԿ, ապա՝ «Էրեբունի ԲԿ»։ Հոկտեմբերի 17-ին հայտնվում է Ռուստամ Գասպարյանի մահվան մասին գույժը։