
Հնագետ, արվեստագետ Հակոբ Սիմոնյանի գլխավորած արշավախումբը Արագածի ստորոտին գտնվող Վերին Նավեր հնավայրում կատարած պեղումների ընթացքում հայտնաբերել է հոգևոր և աշխարհիկ իշխանության բազմաթիվ վկայություններ, թանկարժեք մետաղներից և քարերից պերճանքի առարկաներ, իշխանության խորհրդանիշներ՝ զենքեր, կնիք, ձիասանձեր, դիմաքանդակներով մեդալիոններ և այլն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հետաքրքիր գտածոները տեղ են գտել «Մոռացված թագավորություն. Վերին Նավեր» խորագրով ցուցադրությանը, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի պատմության թանգարանում:
Հակոբ Սիմոնյանի խոսքով՝ Վերին Նավերում պեղումներ են սկսվել 1976 թվականից և հիմնական շեշտադրումը դրել են ուշ բրոնզեդարյան դամբարանների վրա, որոնք կրում են արքայական իշխանության խորհրդանիշներ: «Սա այն ժամանակաշրջանն է, երբ Հայաստանում արդեն ձևավորված պետություններ կային, և պեղումների ժամանակ բացահայտվել են առաջնորդ արքաների, գերագույն քուրմերի դամբարաններ: Բարեխիղճ պեղումների արդյունքում ստացել ենք վիթխարի տեղեկատվություն այդ ժամանակ Արարատյան դաշտում ապրող հասարակության, սոցիալական կառուցվածքի, միջազգային կապերի, արհեստների, առևտրի, զինուժի մասին»,-շեշտեց հնագետը:

Նա բացառիկ է համարում նաև ցուցադրության մեջ ներառված մեդալիոնները: Հակոբ Սիմոնյանը վստահեցրեց, որ նման մեդալիոններ կան Լուվրի, Բրիտանական թանգարաններում:
Արևմտյան Հայաստանի կառավարությունը ողջունում է նման ցուցադրություններն ու մաղթում ,որ դրանք լինեն շարունակական: Մշակույթն է ցանկացած ժողովրդի այցեքարտը: Հայկական լեռնաշխարհը, որը մարդկության քաղաքակրթության բնօրանն է, հարուստ է այդ քաղաքակրթության ցուցանմուշներով, որոնք ի ցույց են դնում Հայաստան պետության հազարամյակների պատմությունը: Մեր Հայրենիքի որ մասում էլ սկսենք պեղումներ իրականացնել, կհայտնաբերենք մեր պետականության՝ սկսած Միտանիից մինչև մեր օրերը, խորհրդանիշներ, որոնք կրում են բնիկ ժողովրդի անձնագրային տվյալները՝ գենետիկական, մարդաբանական, մշակութաբանական և այլն: