
Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որից ներկայացնում ենք հատվածներ․«Երեխաների պաշտպանության միջազգային օրը հրամայական է ևս մեկ անգամ բարձրաձայնել այն մարտահրավերների և զրկանքների մասին, որոնց այսօր բախվում են Արցախի 30 000 երեխաներ՝ Բաքվի իշխանությունների կողմից 6 ամիս շարունակվող շրջափակման հետևանքով։ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի համաձայն՝ աշխարհում բոլոր երեխաներն ունեն հիմնարար և անօտարելի իրավունքներ, սակայն արդեն շուրջ վեց ամիս է, ինչ արցախցի երեխաները շարունակում են զրկված մնալ իրենց հիմնական և տարրական իրավունքներից և ազատություններից, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, զարգացումը, ընտանիքի վերամիավորումը, հոգեբանական և մտավոր անձեռմխելիությունը, բավարար կենսամակարդակը, առաջին անհրաժեշտության իրերի հասանելիությունը։
Բաքվի իշխանությունների կողմից Բերձորի ճանապարհի շրջափակման պատճառով շուրջ 550 երեխա զրկվել է տուն վերադառնալու և ընտանիքների հետ վերամիավորվելու իրավունքից: Ընդհանուր առմամբ, ավելի քան 1820 երեխա շրջափակման պատճառով չեն կարողացել տեսնել իրենց ծնողներից մեկին կամ երկուսին, ինչի հետևանքով երեխաները լուրջ հոգեկան տառապանքներ են կրել:
Արցախի բոլոր հաստատություններում կրթական գործընթացը պարբերաբար խաթարվել է Բաքվի իշխանությունների կողմից Արցախի կենսական ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորման պատճառով: Արցախցի երեխաների ազատ տեղաշարժի իրավունքի խախտման պատճառով ուսանողները չեն կարողանում դիմել ուսումնական հաստատություններ և Արցախից դուրս օգտվել կրթական հնարավորություններից։
Արցախ սննդամթերքի ժամանակին և բավարար մատակարարումների բացակայության պայմաններում երեխաները, այդ թվում՝ նորածինները, կանգնած են թերսնուցումից, վիտամինների և հանքանյութերի պակասի և դրանից բխող առողջական խնդիրների լուրջ սպառնալիքի առաջ։
Երեխաների իրավունքները մարդու իրավունքներ են, և դրանք պետք է լինեն համընդհանուր՝ անկախ երեխայի ծագումից կամ էթնիկ պատկանելությունից: Արցախցի երեխաները պետք է օգտվեն նույն իրավունքներից և հնարավորություններից, ինչպես աշխարհի բոլոր երեխաները։ Այնինչ, 21-րդ դարում, երբ քաղաքակիրթ աշխարհը հետապնդում է կայուն զարգացման նպատակներ, արցախցի երեխաները դեռևս պայքարում են իրենց հիմնական իրավունքների պաշտպանության և հնարավորությունների ապահովման համար։ Արցախի երեխաների սպառնացող էկզիստենցիալ սպառնալիքների պայմաններում մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ի դեմս ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ քայլեր ձեռնարկել արդյունավետորեն պաշտպանելու մեր երեխաների իրավունքները և կանխելու Բաքվի իշխանությունների հայատյաց և բռապետական ռեժիմի կողմից ամեն օր հնչեցվող սպառնալիքները»։