
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի բնակիչների, այսպես կոչված, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին Բաքվի իշխանությունների վերջին հայտարարությունները, խորը հիասթափություն և տարակուսանք է առաջացնում։ Անբացատրելի է, թե ինչպես կարելի է ամբողջությամբ բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Բաքվի իշխանությունների այդ հայտարարության մեջ խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել։ Ակնհայտ է, որ Բաքվի իշխանությունների հայտարարության հիմնական ուղերձը կայանում էր նրանում, որ Բաքվի իշխանությունը հրաժարվում է Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ հավասար երկխոսությունից և առաջնորդվում է միայն իր իշխանությունն Արցախի ժողովրդին ուժով պարտադրելու ցանկությամբ։ Կասկածներ չունենք, որ ԱՄՆ-ն ցանկություն ունի դրական դեր խաղալ ադրբեջանա-արցախյան հակամարտության արդար, հավասարակշռված ու արժանապատիվ կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում։ Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ Բաքվի ապակառուցողական և ռազմատենչ քաղաքականության խրախուսումը հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման հարցում դրական փոփոխությունների հասնելու ցանկությանը:
Արևմտյան Հայաստանի կառավարությունը արդեն իսկ անդրադարձել է Եվրոմիության հնչեցրած նմանատիպ հայտարարությանը: Մենք ափսոսում ենք, որ ԱՄՆ ուի նույն դիրքորոշումը, ինչ Եվրոմիությունը, որը հիմնված է Մարդու հիմնարար իրավունքների միակողմանի մեկնաբանման և կիրառման վրա: Արցախի ժողովրդին հեշտ չէ կոտրելն ու կեղծ դեմոկրատական արժեհամակարգ մատուցելը: Արցախցին իր հազարամյա պատմության ընթացքում բազմիցս բախվել է նման երևույթների հետ, բայց չի վերացել պատմության թատերաբեմից: