
Ձևավորվելով որոշակի էթնիկական միջավայրում, որոշակի պահանջների բավարարման անհրաժեշտությամբ՝ գորգը հազարամյակների ընթացքում տվյալ էթնիկական միավորի հետ միասին ենթարկվել է բազմազան տեղաշարժերի և փոխազդեցությունների, ստացել գործնական նոր ոլորտներ: Գորգը չի ծառայել, որպես կենցաղային պարզ առարկա, այլ ի սկզբանե ունեցել է ծիսապաշտանմունքային նշանակություն, ու նաև դրանով է պայմանավորված գորգի կարևորությունը հայոց մշակութային ժառանգության համակարգում: Գորգը դարեր շարունակ եղել է ազգային կերպն ու նկարագիրը ներկայացնող մշակութային մի երևույթ, պատմամշակութային բացառիկ արժեք: Կան գորգեր, որոնց նախշերի ետևում մի ամբողջ կյանքի պատմություն և իմաստ է թաքնված: Զարդանախշերի մեջ թաքնված է հիշողություն և շատ հաճախ մարդկանց փոխարեն նախշերն են պատմում: Գորգերին վերագրվել է նաև բուժիչ հատկություն, ոչ միայն այն պատճառով, որ դրանք գործվել են բնական բրդից, իսկ թելերը ներկվել են բնական ներկերով, այլ կարծել են, որ նրանց նախշազարդերի հետևում յուրահատուկ խորհուրդ կա թաքնված: Տան ամենամեծ կամ հիվանդ անդամը միշտ լինում էր տան այն անկյունում, որտեղ գորգ կար կախված: Տարբերվում էին նաև պատից կախվող և հատակին փռվող գորգերը: Հատուկ զարդանախշեր ունեցող գորգերը կախվում էին պատից, իսկ նրանց վրա կախում մահացած հարազատների նկարները, երաժշտական գործիքներ և այլ նվիրական իրեր: Հատակին փռվող գորգերը, թեև ունեին յուրահատուկ զարդանախշեր, բայց դրանք չունեին հատուկ նշանակություն կամ նախնիներին վերաբերվող խորհրդանշաններ:
