Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին։  2006-2012 թվականներին հաճախել է Արաբկիր մարզադպրոց և զբաղվել դուքենդո կարատեով։ Արժանացել է սև ու կարմիր գոտիների։ 2007-2012 թվականներին սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցում։ 2012-2015 թվականներին սովորել է «Քվանտ» վարժարանում։ 2015-2016 թվականներին սովորել է Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում։ 2016-2018 թվականներին՝ Հերացու անվան ավագ դպրոցում։ 2018 թվականին ավագ դպրոցին զուգահեռ սովորել է Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։ 2019 թվականին ընդունվել է նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ։

2020 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ։ 

Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, նշում է, որ որդու ծառայությունն անցել է Ջրականում:

 «Երկու շքանշան ուներ, շատ «դուխով» էր: Չէր մտածում, որ ինչ-որ բան կարող է իրեն խանգարել ծառայության ընթացքում:  Միշտ ասում էր.

 «Պա՛պ, հանգիստ եղիր, հաստատ հաղթելու ենք», — պատմում է հերոսի հայրը: Նրա խոսքով՝ Ալբերտն իր ենթակայության տակ գտնվող հաշվարկի տղաների հետ միասին 3 օր ու գիշեր անտրտունջ մարտնչել է ադրբեջանա-թուրքական հրոսակների ու վարձկան ահաբեկիչների դեմ:

 «Ինձ հաջողվեց կապ հաստատել որդուս հրամանատարի հետ, որն ասաց. «Ձեր տղան իրական հերոս է»: Նրա հաշվարկով Ալբերտը լուրջ վնասներ էր հասցրել թշնամուն: