2023 թվականի հունիսի 6-ին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի 120-ամյակը: Այդ նպատակով Հայաստանում և արտերկրում նախապատրաստվում ու իրականացվում են հոբելյանական միջոցառումներ: Այս մասին հայտնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: 

Նշենք, որ մշակվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների լայնածավալ և բազմաժանր ծրագիր՝ մրցույթներ, փառատոներ, հյուրախաղեր և այլն: 

Ծրագրում ներառված են հանրապետության առաջատար պետական կոլեկտիվները՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Խաչատրյան» եռյակը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, որոնք համերգներով հանդես կգան արտերկրում (Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Ռուսաստան, Վրաստան և այլն):

Այսպիսով, նշված ծրագրերի իրականացումը կնպաստի արտերկրում մեծանուն կոմպոզիտորի և նրա թողած անգնահատելի ժառանգության վերարժևորմանը և հանրահռչակմանը: Խաչատրյանական տարին կմեկնարկի Կամերային երաժշտության ազգային կենտրոնում  Հայկ Մելիքյանի մենահամերգով։

ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը հունիսի 14-ին հանդես  կգա բացառիկ ծրագրով՝ ներառելով խաչատրյանական գլուխգործոցներ, ինչպես նաև Խաչատրյանի արվեստի վրա անշեջ հետք թողած աշուղական երաժշտության դաշնամուրային մեկնաբանություններ և հայ դասականների գոհարներ։