
«Փրկենք Ղարաբաղը» կոալիցիան Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնացիո Կասիսին կոչ է արել օգտագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Շվեյցարիայի նախագահությունը՝ օգնելու համար շրջափակված Արցախի ժողովրդին: Մասնավորապես, նամակում կոչ է արվում Կասիսին «օգտագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում [իր] նախագահությանը մնացած մի քանի շաբաթը՝ առաջ մղելու բանաձև», որը «կպաշտպանի Արցախի խոցելի հայերին» և կճանաչի նրանց ինքնորոշման իրավունքը։ Նամակում նշվում է, որ փետրվարին Շվեյցարիայի Պետությունների խորհրդի արտաքին հարաբերությունների կոմիտեն բանաձև է ընդունել՝ կոչ անելով Շվեյցարիային աշխատել ՄԱԿ Անվտանգության խորհրդում բանաձևի ուղղությամբ, որը կստիպի դադարեցնել շրջափակումը եւ ապահովել միջազգային մարդասիրական օդային փոխադրում դեպի Արցախ: Կոալիցիան կոչ է արել Կասիսին օգտագործել Արտաքին հարաբերությունների կոմիտեի բանաձևը՝ որպես «քաղաքականության շրջանակ» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում գործողությունների համար: