
Սյունիքի մարզի Կաղնուտ գյուղը վերջին պատերազմից հետո սահմանային դարձավ։ Այստեղ մոտ 40 մարդ է ապրում։ Սահմանային այս գյուղում դպրոցն ու մանկապարտեզը փակ են ավելի քան երեք տասնամյակ։ «90 թվականին, որ շարժումը սկսեց, էն ժամանակից կրակոցները եղել են, դպրոցը փակվել է», — ասաց գյուղի բնակիչ Ռիկո Օհանյանը:
Նրա համագյուղացին՝ Գրիշա Թամրազյանը խնդիրներն է թվարկում ու դառնանում, թե սահմանի այս գյուղերի բնակիչները միայնակ են մնացել։ «Մարդիկ վախենում են, գյուղատնտեսական ապրանքը հանել դաշտ, կարող է թուրքը վերցնի։ Չենք կարող պահել, դժվար է», — նշեց բնակիչներից մեկը։
Գորիս-Կապան մայրուղու վրա ադրբեջանցիների անցակետ տեղադրելուց հետո կառավարությունը խոստացավ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի համար շրջանցիկ ճանապարհ կառուցել։ 3 տարի անց այս գյուղերը քաղաքի՝ Գորիսի հետ դեռևս գրունտային ճանապարհով են կապված։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է սահմանի այս գյուղերում մի շարք ծրագրեր իրականացրել՝ տրամադրել ազնվամորու տնկիներ, մեղվափեթակներ, գյուղտեխնիկա:
«Էս պահի դրությամբ Կարմիր Խաչի օգնությամբ բացել ենք էն դաշտերը, որ 20 տարի 15 տարի փակ է եղել… Բաժանվել է գյուղացիների մեջ, հացահատիկ ենք ցանել։ Արդեն մյուս տարի մեր մոնիտորինգի շրջանակներում կհասկանանք ձեռնտու է էս ամեն ինչը, թե չէ»,-նշեց մեկ այլ սահմանային գյուղի՝ Ուժանիսի գյուղապետ Սասուն Սարգսյանը:
Ուժանիսի գյուղապետն ասում է՝ գյուղի հողատարածքներից ավելի քան 30 հեկտարը ադրբեջանական զորքի նշանառության տակ է, այնտեղ գյուղացիները վարուցանք անել չեն կարողանում։ Արևմտյան Հայաստանի կառավարությունը, ով պատասխանատվություն է կրում իր ժողովրդի կյանքի իրավունքի համար և հանդիսանում է Պողոս Նուբարի Հայաստան պետության շարունակականը, որի կազմի մեջ են մտնում Արևմտյան, Արևելյան Հայաստանները, Արցախը, Նախիջևանը և Ջավախքը, արդեն որերորդ անգամ իր վրդովմունքն է հայտնում սահմանամերձ շրջաններում բնակվող իր քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերի առթիվ: Ողջունելի է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությունը գյուղաբնակներին, բայց անհասկանալի է միջազգային մյուս կառույցների խուլ լռությունը: