
Պետական, քաղաքական նշանավոր գործիչը, գործելով երկու հասարակարգերի հատման ժամանակաշրջանում, յուրահատուկ նվիրվածություն ու հոգածություն դրսեւորեց իր ժողովրդի բախտի հանդեպ: Ճակատագրի բերումով եղավ հին հասարակարգի շենացնողը, միաժամանակ՝ նորի անաչառ գնահատողն ու կշռադատ ջանադիրը՝ ուսերին առնելով նոր պայմաններում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման դժվարին պատասխանատվության ողբերգականորեն ընդհատված դերակատարությունը:
42 տարեկանում նա ընտրվեց Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար եւ երկիրը կառավարեց 1974-1988 թվերին: Պոլիտեխնիկի նախկին սանը, Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանի վարպետից մինչեւ տնօրեն հասած՝ Երեւանի քաղկոմի, ապա ՀԿԿ Կենտկոմի քարտուղար աշխատած խոստումնալից կազմակերպիչն ուներ երկրի ապագայի վերաբերյալ սեփական հայեցակարգը: Նա Հայաստանը պատկերացնում էր քիչ էներգատար ու նվազ ռեսուրսատար զարգացած արդյունաբերությամբ, ինտենսիվ գյուղատնտեսությամբ ու բնապահպանական առումով անվտանգ երկիր, ինչպիսին էր Շվեյցարիան:
Սկզբունքորեն լինելով երկրում գլոբալ վերափոխումների քաղաքականության կողմնակից՝
Դեմիրճյանը հետևողականորեն պնդում էր վերակառուցման հատուկ կոնցեպցիայի մշակման անհրաժեշտությունը, որն ընդգրկեր սոցիալ-տնտեսական խնդիրների ամբողջ ծավալը, տարածաշրջանային հիմնահարցերը, դրանց լուծման ուղիներն ու մեթոդները: ՍՄԿԿ Կենտկոմում նման մոտեցումների բացակայությունը մեր հանրապետությունում վերակառուցման ընթացքի անհիմն քննադատությունը և ազգամիջյան հարաբերությունների հարցում սկզբունքային տարաձայնությունները կենտրոնի հետ (նրա դիրքորոշումը հստակ ձևակերպում ստացավ 1988 թ. փետրվարի 28-ին տեղի ունեցած ՀԿԿ կենտկոմի պլենումի որոշման մեջ) դարձան նրա պաշտոնաթողության հիմնական պատճառը, մայիս 1988 թ.:

1991 թ. մինչև 1999 թ. Դեմիրճյանը գլխավորել է Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններց մեկը` «Հայէլեկտրամեքենա» փակ բաժնետիրական ընկերութիւնը:
Երկրում տիրող ծանր իրավիճակը բերեց Կարեն Դեմիրճյանի վերադարձը քաղաքական ակտիվ գործունեության:
1998 թ. նա առաջադրվեց որպես Հանրապետության նախագահի թեկնածու:
1999թ. մայիսին Կարեն Դեմիրճյանը ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ: Հանրապետության զարգացմանը նա կարողացավ համակարգված բնույթ տալ` հստակեցվեցին զարգացման առաջնային խնդիրները, կառուցվածքային քաղաքականության առանցքային ուղիները, գլխավոր ներուժի` մարդկային գործոնի խելամիտ ու նպատակային իրացման մեծ հեռանկար միտող կողմնորոշիչները:
Կարեն Դեմիրճյանը կարճ ժամկետում իր շուրջը համախմբեց Հանրապետության գրեթե բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին և աշխարհի հայերին, ձեռնամուխ եղավ երկրի վերականգման ծրագրերի իրականացմանը: Սակայն, 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում` նիստի ժամանակ Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, ԱԺ հինգ պատգամավորներ և մեկ նախարար քաղաքական աննախադեպ ահաբեկչության զոհ դարձան: