
Նոր ջրամբարի կառուցման պատճառով Դերսիմի Հոզաթ գավառի Սեգեդիկ գյուղը ջրի տակ անցնելու վտանգի տակ է։ Մոտ 11 տարի առաջ կազմված նախագծի աշխատանքները մեկնարկել են։ Նշենք, որ Սեգեդիկ գյուղում պահպանվում են հինավուրց հայկական մատուռ և ժայռափոր գերեզմաններ: Սեգեդիկի՝ հիմնականում մեղվաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում․ «Այստեղ պատմություն կա, այստեղ է անցել մեր կյանքը»։
Գյուղապետը նշում է, որ գյուղի անունից իրավական գործընթաց է սկսվել, սակայն դիմումը մերժվել է, որից հետո սկսվել են ծրագրով նախատեսված աշխատանքները։
Գյուղապետի խոսքով՝ չնայած նրան, որ գյուղացիները զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, 200 հեկտար վարելահող է ոչնչացվելու։ «Բացի նյութական օգուտից, գյուղում նաև հոգևոր իմաստով հիշողություններ կան՝ այստեղ կա հայկական մատուռ, գյուղի գերեզմանոցում հանգչում են բնակիչների հարազատներն ու մերձավորները։ Այս գյուղը դատարկվել է 38-ի ջարդերի ժամանակ, 90-ականներին կրկին փորձել են տարհանել մարդկանց, բայց, չնայած դրան, կյանքը շարունակվեց։ Հիմա էլ այս կերպ են փորձում ամայացնել»,- ասաց նա։