“Բերձորի միջանցքի ազատ և անվտանգ հասանելիության” զեկույցի  նախապատրաստման առաջարկ

  1. Եվրոպան Բերձորի միջանցքին և այլ հարցերին անդրադառնալիս պետք է հիշի, որ հարցը վերաբերում է ցեղասպանություն վերապրած ու ցեղասպանության սպառնալիքի տակ գոյատևող, իր կենսատարածքը կորցրած հայությանը: Այո, ցեղասպանը խնդիր է դրել մեզ ոչնչացնել, իսպառ վերացնել` 1915-1923, 1969, 1988-1992, 2016, 2020-2023:
  2. Բերձորի /Լաչինի/ միջանցքի հետ կապված իրավիճակի լուծումը պահանջում է քաղաքական մոտեցումներ: Հումանիտար լուծումները խնդիրն էլ ավելի կխորացնեն` նպաստելով ցեղասպանության խորացմանը:
  3. Բերձորի միջանցքի լուծումը պետք է լինի Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառման միջոցով, այլապես ամեն մի հայտարարություն Բաքվի համար  շրջափակումը խորացնելու ինդուլգենցիա է:
  4. Եթե Արցախ կամ Բերձորի միջանցք պետք է մուտք գործել Բաքվի քմահաճույքով, նշանակում է արցախահայությանը զոհաբերել Բաքվի հայակերներին, ինչպես  ՅՈՒՆԵՍԿՕՆ դա արեց 2006-ին, երբ Բաքուն “արգելեց” ՅՈՒՆԵՍԿՕ-ին այցելել Նախիջևան: Այսինքն, Եվրոպան թույլատրությու՞ն է հարցնում մարդկության դեմ հանցագործություն կատարողից, որ նա թույլ տա Եվրոպային իր հանցագործությունները կանխարգելող քայլեր ձեռնարկել: Ո՞վ կասի, որտեղ է լոգիկան: Եվրոպան չի կարող կանխարգելել ցեղասպանությունը, քանի դեռ Եվրոպան իրապես  չի ցանկանում դա կանխարգելել:
  5. Մարդու կյանքի իրավունքի հարցը չի կարող ստորադասվել տարածքային ամբողջականության սկզբունքին:
  6. Եվրոպան պետք է Բերձորի միջանցքի պաշտպանության հիմքում տեսնի Արցախի հայության  պաշտպանությունը: Բերձորի միջանցքը պետք է վերադարձնել իր` մինչ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի կարգավիճակը: Ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը  կասկածի տակ է դնում Մարդու իրավունքների պաշտպանության ողջ հայեցակարգը, դրա միջազգային իսկությունը:
  7. Եվրոպական կառույցները իրենց ներկայությամբ կարող են օգնել արցախցի փախստականներին այցելելու հարազատներին Արցախի Հանրապետությունում:
  8. Շրջափակված Արցախին աջակցել էլեկտրաէներգիայի, ջրի, վառելիքի խնդիրը նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ լուծելու համար:
  9.  Ֆրանսիայի , Չինաստանի, Հնդկաստանի և Իրանի  խաղաղապահ ուժերի ներգրավում Բերձորի միջանցք ու Արցախ:
  10. Եվրոպան պետք է կիրառի remedial secession /ամոքիչ անջատում/ սկզբունքը՝ փրկելու Արցախն ու արցախահայությանը ցեղասպանի ճիրաններից: Ցեղասպանական հակահայ քաղաքականությունը մի նպատակ ունի` բնաջնջել հայությանը իր կենսատարածքում, վտարել հայությանը կենսատարածքից, տիրանալ հայության  հայրենիքին, տարածքներին, ռեսուրսներին, պատմությանը, մշակույթին:
  11. Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում վտանգված է հայկական մշակութային ժառանգությունը։ Բաքվի իշխանութունը միտումնավոր իրականացնում է մշակութային վանդալիզմ, փորձում է վերացնել հայկական հետքը, ոչնչացնում է հայկական հուշարձանները, իսկ եկեղեցիները ներկայացնում՝ որպես ուդիական։ 

Առաջարկ՝ 1. Միջազգային կառույցները ՝ ի դեմս ՅՈՒՆԵՍԿՕ-ի, մուտք ունենան բռնազավթված տարածքներ, որպեսզի կանխվի մշակութային ցեղասպանությունը։ 2. Բաքվի իշխանութունը՝ անանցանելի դարձնելով «կյանքի ճանապարհը», միևնույն ժամանակ ապացուցում է, որ անհնար է նաև նրանց հետ արցախահայերի գոյակցությունը։ Խաղաղ, ստեղծագործ հայն այսօր գտնվում է Բաքվի իշխանութան զինված ուժերի մշտական նշանառության տակ։ Ալիևի ագրեսիվ պահվածքը ցույց է տալիս, որ ադրբեջանական վարչական, իրավական, քաղաքական վերահսկողության տակ հայն Արցախում ապրել չի կարող։ Առաջարկ՝ միջազգային հանրությունը պիտի փորձի հաշվի նստել Արցախի ժողովրդի՝ արդեն իսկ ինքնորոշված լինելու փաստի հետ, և մարդու կյանքի իրավունքը չդիտարկի տարածքային ամբողջականության հարցի համատեքստում։