
Արևմտյան Հայաստանի բռնազավթումից հետո թուրքացման և իսլամացման գործընթացում բնիկ ազգերի և տարբեր կրոնական պատկանելության ժողովուրդների հաջողություններն ու առավելությունները կա՛մ ամբողջովին անտեսվեցին, կա՛մ նսեմացվեցին, և դրանց մասին պարզապես մի քանի տողով նշումներ եղան պաշտոնական պատմության գրքերում: Օրինակ՝ ուսուցանվում է, որ տպագրական մեքենան, որը գիտական և մշակութային կյանքի կարևորագույն գործիքներից է, առաջին անգամ թուրքական պետությունում սկսել է կիրառվել 1719 թվականին՝ Գյուտենբերգի գյուտից գրեթե երեք դար անց։ Սակայն տպագրական մեքենան Օսմանյան կայսրությունում հայերն օգտագործել են 1567 թվականին՝ թուրքերից շատ առաջ։
Հայ մտավորականների կողմից ստեղծված հայկական առաջին թերթերը եղել են «Շտեմարան պատանի գիտելյաց»-ը, «Արշալույս Արարատյան»-ը և «Հայրենասեր»-ը, որոնք հրատարակվում էին Իզմիրում 1839 թվականից։ Համաձայն հայոց լեզվի մասնագետ և պատմաբան Բարսեղ Թուղլաջյանի (Պարս Թուղլաջ) ներկայացրած տվյալների՝ ուղղակիորեն հայերեն կամ հայերեն տառերով թուրքերեն հրատարակված թերթերի ու ամսագրերի թիվը, որոնք տպագրվել են Կոստանդնուպոլսի 131 և գյուղական շրջանների 61 հայկական տպարաններում՝ 1567-1923 թվականներին, հասնում է 598-ի։
Այն, որ հունական, հայկական և եբրայական թերթերի ընդհանուր թիվը այսօր չի հասնում տասի, ցուցիչն է այն բանի, թե ինչպես է ոչ թուրք և ոչ մահմեդական բնակչությունը ոչնչացվել մինչ օրս շարունակվող ցեղասպանությունների և տեղահանությունների արդյունքում։ Ընդդիմանալով ոչնչացման և ժխտման այս փոթորկին, 1996 թվականի ապրիլի 5-ին լույս տեսած առաջին երկլեզու՝ թուրքերեն և հայերեն տպագրվող «Ակոս» թերթը նույն վճռականությամբ շարունակում է իր պայքարը ցեղասպանության ժխտման դեմ և հանուն ազատության ու ժողովրդավարության՝ անկախ այն փաստից, որ թերթի հիմնադիր Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին՝ ֆաշիստական գնդակներից։
Նշենք, որ բացի բռնազավթված Արևմտյան Հայաստանից, գլխավորապես Հայաստանի Հանրապետությունում և բոլոր մայրցամաքներում, որտեղ բնակվում են տարագիր հայերը, անհամար հայկական թերթեր, ամսագրեր և գրքեր են հրատարակվում:
