
«Արցախցիները հանգիստ անցնում են Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետով». Բաքվի լրատվամիջոցներն են այս վերնագրով կադրեր տարածում, որոնցում նաև կանայք, երեխաներ են անձնագրային ստուգման հերթում։
Ի դեպ, սա արդեն երկրորդ տեսանյութն է։ Մի տարբերություն կա՝ առաջինում ադրբեջանցի տղամարդիկ են անցակետի խցիկում, հիմա կանայք են։
«Ու էդ անցակետ կոչվածն Արցախի ժողովրդի համար անընդունելի է և սա մեկ հոգու կարծիք չէ, երկու հոգու կարծիք չէ, սա համընդհանուր մեր ժողովրդի կարծիքն է», — «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Արցախի օմբուդսմենը շեշտում է՝ Բաքվի իշխանությունը ուզում է բարեկիրթ երևալ և ցուցադրել, թե հենց սա է ինտեգրումը։ «Սա կատարյալ սուտ ու կեղծիք է, և անձամբ ես էլ, տարբեր հանդիպումների, քննարկումների ժամանակ, սա միշտ ընդգծում եմ՝ անգամ այն հանգամանքը, որ մարդիկ տեղաշարժվում են խաղաղապահների և Կարմիր խաչի ուղեկցությամբ, արդեն իսկ խոսում է, որ խոչընդոտված է ազատ տեղաշարժի իրավունքը», — ասաց Ստեփանյանը։
Կադրերում երևում է նաև արցախցիներին տեղափոխող ռուս խաղաղապահների մեքենան։ Երկու օր առաջ են նրանք վերսկսել Հայաստան գալու կամ Արցախ վերադառնալու հրատապ կարիք ունեցող մարդկանց տեղափոխությունը։ 28 հոգու Հայաստան են բերել, 27 -ին վերադարձրել Արցախ։ Ենթադրվում է, որ նկարահանումը հենց այդ ժամանակ է արվել։
Այս պահին էլ Գորիսի հյուրանոցներում 132 արցախցի կա, որոնք ցուցակագրված սպասում են իրենց հերթին։