
Հայագիտությանն ընդհանրապես ի՞նչ է հայտնի խազերի` հայկական միջնադարյան երաժշտության գրության նշանների վերաբերյալ: Խոսքը սոսկ բառի ծագումնաբանության մասին չէ: Ըստ Հրաչյա Աճառյանի, «խազ» բառը փոխառվել է կովկասյան լեզուներից, և նշանակում է «գիծ, գիր, ձայնագրական նշան, սյունի կամ ձեռքի ակոսաձև գծերը, նետի վարի ծայրի ճեղքը»։ Իսկ գուցե կովկասյան լեզուներն են մեզանից փոխառել։
Ասում են, որ եթե մեկ վանկը մեկ-երկու խազով է արտահայտվել, խազերը գրվել են տողից վերև, և տողում, եթե մեկ վանկի խազերը շատ են եղել։ Հայտնի է նաև, որ խազերի մեջ լայն առումով ընդգրկված են նաև հայերենի առոգանության և տրոհության նշանները: Խազերն իրենցից ներկայացնում են երաժշտական նշանների բարդ ու բաղադրյալ մի համակարգ, որն իր ներսում ունի ևս 3-4 ենթահամակարգ: Ենթադրվում է, որ դրանցից յուրաքանչյուրը ձևավորվել է տվյալ պատմաշրջանի երաժշտական անհրաժեշտությունները բավարարելու համար, հետո հիմք դարձել հաջորդ պատմաշրջանի համար: Ի վերջո, դրանք բոլորը միահյուսվել են իրար և ձևավորել մի բարդ և ամբողջական համակարգ:
Խազագրությունն ընդգրկել է միմյանց հետ կապված առոգանության և բուն երաժշտական երեք համակարգ։ Խազագրումը ձևավորվել է 8-րդ դարից սկսած: Գաղափարի ծագումն ու սկզբնական իրականացումը կապվում են Ստեփանոս Սյունեցու անվան հետ, թեև բացառված չէ, որ այն ավելի խոր արմատներ ունենա:
Խազագրության հետագա մշակմանն ու զարգացմանը մասնակցել է 8-րդ դարի հայ գիտնական, հոգևոր երաժշտության երգիչ-կատարող, երաժիշտ-ստեղծագործող Գրիգոր Գռզիկ Այրիվանեցին: Նա աշխատակցել է Ստեփանոս Սյունեցի երկրորդին և երկուսով, գիտական նպատակներով, մեկնել են Աթենք, ուսումնասիրել Աստվածաշունչը և նրա մեկնությունները, ծանոթացել փիլիսոփայության հին ու նոր ուսմունքներին։ Գրիգոր Գռզիկը երկար տարիներ ճգնել է Այրիվանքի մերձակա քարայրներից մեկում, այնտեղ էլ վախճանվել է։ Այրիվանքի հրաշագործ համարված նրա գերեզմանի վրա կառուցվել է մատուռ։ Նրա ստեղծագործությունները, մշակումներն ամփոփվել են ավելի ուշ կազմված «Մանրուսումն» կամ «Խազգիրք» կոչվող ժողովածուներում։
Խազագրության հետագա մշակման ու զարգացման գործում իրենց ավանդն են ունեցել նաև Անանիա Նարեկացին, Խաչատուր Տարոնացին, Ներսես Շնորհալին, Թովմա Մեծոփեցին, Գրիգոր Խալը, Գևորգ Սկևռացին, Գրիգոր Խլաթեցին և ուրիշներ։
Ենթադրվում է, որ 19-րդ դարի առաջին կեսին դեռևս կային հատուկենտ մարդիկ, որոնք կարողանում էին կարդալ խազերը: Գիտնականների հիմնական մասը դեմ է խազերի խնդիրը ոգեպաշտական, միստիկ դաշտ տեղափոխելուն և համարում է, որ այդ խնդիրը զուտ գիտական հիմնախնդիր է և այն կարելի է լուծել ու գոնե տեսականորեն կա լուծման հեռանկար: Իսկ այն, որ մինչև հիմա խազերը վերծանվել են սոսկ մասնակիորեն, պատճառաբանվում է նրանով, որ թե հայազգի, թե օտարազգի խազագետները հետևողական աշխատանք չեն ծավալել տվյալ ոլորտում: Խոսքը մեկ խազագետի, ասենք, Կոմիտասի աշխատանքի մասին չէ, այլ նրա, թե հայերս քանի՞ սերունդ խազագետ ենք աճեցրել, որոնք իրար հետևից, նախորդի վերջացրած կետից փորձել են աշխատել ու բացահայտել, շարունակել ու հասնել մինչև հաջորդ փուլ:
Խազագետների մի քանի սերունդների կողմից փուլ առ փուլ ուսումնասիրություն չի կատարվել: Այս ոլորտում մեր բոլոր տաղանդաշատ, նվիրյալ խազագետները խազերի ուսումնասիրությամբ սկսել են զբաղվել իրենց նախորդից 10-50 տարով կտրված կամ նույնիսկ իրարից անկախ: