Ծնվել է 1876թ. հունվարին, Շուշիում: Հայրը՝ ուսուցիչ և առևտրական Հովհաննես Տեր-Կասպարյանը, բազմանդամ ընտանիքով տեղափոխվում է Բաքու:

Մինչև 1900 թվականը Սարգիս Կասյանը սովորում է Բաքվում, ապա ուսումը շարունակում Եվրոպայում: Ավարտում է Լայպցիգի առևտրական ինստիտուտը ապա Բեռլինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը:1906-ին Կասյանը Լյուդվիգ Կնունյանցի և Պետրոս Մնացականյանի հետ հիմնադրում է «Բանվորի ձայնը» հայերեն առաջին բոլշևիկյան թերթը։

Գերմաներենից հայերեն է թարգմանում Մարքսի ու Էնգելսի ՙԿոմունիստական կուսակցության մանիֆեստը՚ և Էնգելսի ՙԿոմունիզմի սկզբունքները՚ գրությունները:

Թիֆլիսում Ստեփան Շահումյանի նախաձեռնությամբ հրատարակում է «Կայծ», «Նոր խոսք» թերթերը։ Սպենդարյանի հետ մասնակցում է «Լիստոկ-կոպեյկա» ռուսերեն պարբերականի հրատարակմանը: 1914-ին Բորյանի և այլ  բոլշևիկների հետ Թիֆլիսում հրատարակում է «Մեր խոսքը» շաբաթաթերթը։

1919 թվականին մասնակցում է Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների սեպտեմբերյան անլեգալ խորհրդակցությանը և առաջին անլեգալ կոնֆերանսին ՝1920 թվականի հունվարին ընտրվում Արմենկոմի նախագահ արդեն 1920 թվականիի նոյեմբերին՝ Հայհեղկոմի նախագահ։

Նա Խորհրդային Հայաստանի առաջնորդ եղավ ընդամենը մի քանի ամիս: Այս ընթացքում էր՝ 1921-ի փետրվարին, որ տեղի ունեցավ մի քանի տասնյակ հայ գործիչների և զինվորականների կացնահարումը Երևանի բանտում:

1920-30-ական թթ. բարձր պաշտոններ է զբաղեցրել Անդրֆեդերացիայի (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, 1922-1936) կազմում:

Սպանվում է 1937-ին՝ դառնալով Ստալինյան տեռորի զոհերից: