Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ Ժնևում անցկացվող Աշխատանքի միջազգային համաժողովի 111-րդ նստաշրջանում, որին մասնակցում են Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 187 անդամ երկրները ներկայացնող պատվիրակություններ։

Խոսելով աշխատանքի և զբաղվածության ոլորտում ՀՀ որդեգրած քաղաքականության ու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ լինելով իր որդեգրած արժեքներին, շարունակում է անհրաժեշտ ջանքեր և ռեսուրսներ ներդնել՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ուղղությամբ։ Ինչպես նշել է ՀՀ պատվիրակության ղեկավարը, զինված հակամարտությունները մնում են որպես այդ ջանքերի հիմնական մարտահրավեր:

«2020 թ․ Արցախի ժողովրդի և ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ դրսևորվող ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաև Արցախի 120,000 բնակչի ավելի քան կես տարի շարունակվող շրջափակումը մեծապես խոչընդոտում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ Ներկայումս Արցախի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից, ինչը հակասում է միջազգայնորեն ընդունված նորմերին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, Աշխատանքի միջազգային կազմակերպության նպատակներին և դրանց վերաբերող հռչակագրին»,- նշել է նախարարը։

Եզրափակելով ելույթը՝ ՀՀ պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄԿ-ի բոլոր մասնակիցների հետևողական աշխատանքն ու ընդհանուր ջանքերը հնարավորություն կտան հաղթահարել առկա մարտահրավերները՝ ապահովելով սոցիալական արդարություն, արժանապատիվ աշխատանք և բարգավաճում: